Թուրքական ԱԹՍ-ն տեղական արտադրության հակատանկային հրթիռ է արձակել (վիդեո)

Թուրքական արտադրության «Բայրաքթար» մարտավարական հետախուզական ԱԹՍ-ն դեկտեմբերի 17-ին վերջացրել է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության հակատանկային հրթիռների արձակման փորձարկումները: Այս մասին դեկտեմբերի 18-ին հայտնում է ԱԹՍ-ի արտադրությամբ զբաղվող «Բայքար» թուրքական ռազմարդյունաբերական ընկերության կայքը:

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) անօդաչու թռչող սարքը դեկտեմբերի 17-ի փորձարկումների ընթացքում 5 հազար մետր բարձրությունից արձակել է 2 միավոր 37,5 կգ UMTAS հակատանկային հրթիռ և խոցել է 8 կմ հեռավորության վրա` գետնին տեղակայված 2×2 մ մակերեսով թիրախը:

8 կմ-ն այն սահմանային ամենաերկար հեռավորությունն է, որի վրա նշված հրթիռը կարող էր խոցել իր թիրախը:

Սրանով, փաստորեն, թուրքական հետախուզական ԱԹՍ-ն կարող է կիրառվել նաև որպես հարվածային անօդաչու թռչող սարք:

Հավելենք, որ 2015-ի հունիսի 19-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերին հանձնվել է ԱԹՍ-ների երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 6 միավոր անօդաչու թռչող սարք, 2 տեղային կայան և անհրաժեշտ պահեստամասերը:

Հիշեցնենք նաև, «Բայրաքթար» ԱԹՍ-ն 2014-ի հունիսի 14-ին Թուրքիայի հյուսիս-արևմտյան «Քեշան» ռազմական օդանավակայանում անցկացված փորձարկումների ժամանակ սահմանել էր ռեկորդային արդյունքներ թուրքական արտադրության ԱԹՍ-ների համար՝ 6,5 ժամ տևած թռիչքի ընթացքում հասնելով 8238 մետր բարձրության։ Այնուհետև՝ 2014-ի նոյեմբերին անցկացված փորձարկումների ժամանակ այն օդում մնացել էր ավելի քան 24 ժամ՝ հաղթահարելով գրեթե նույն բարձրությունը։

Նշենք, որ UMTAS հրթիռի որակավորման փորձարկումները սկսել են 2014-ի վերջին քառորդից։ Փորձարկումների ընթացքում այն փորձել են հարմարեցնել տարբեր պլատֆորմների, որոնցից առաջնահերթությունը տրվել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ S-70 Sea Hawk (TCB-66) ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռին։ 2014-ի սեպտեմբերի 16-ին առաջին անգամ ուղղաթիռից փորձնական, ցուցադրական արձակվել է Lazer UMTAS հրթիռ։

UMTAS հիթիռն ուղղորդվում է օբյեկտի ուղղությամբ արձակած լազերային ճառագայթով։ Հրթիռի խոցման առավելագույն հեռահարությունը 8000 մետր է, նվազագույնը՝ 500։ Հրթիռի տրամաչափը 160մմ, երկարությունը՝ 1800մմ, իսկ զանգվածը 37,5 կգ է։

Փորձարկման ժամանակ ուղղաթիռի վրա տեղադրվել է լազերային նշանոց։ Ուղղաթիռը գտնվել է 200 մետր, իսկ թիրախը՝ 4000 մետր բարձրության վրա։ Արձակված հրթիռը հասել է թիրախին, որից հետո այն ոնչացրել են: Փորձարկումը, փաստորեն, անցել է հաջողությամբ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2015-ի երկրորդ կեսին արդեն նախատեսվում էր անցնել Lazer UMTAS հրթիռների սերիական արտադրության, սակայն դեռևս նման հայտարարություն չի տարածվել։

One response to “Թուրքական ԱԹՍ-ն տեղական արտադրության հակատանկային հրթիռ է արձակել (վիդեո)

  1. Pingback: Թուրքայի ԶՈւ-ն առաջին անգամ տեղական հարվածային ԱԹՍ է կիրառել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *