Թուրքիան 3000-հոգանոց ռազմաբազա է հիմնելու Քաթարում. Թուրքիայի դեսպան

Քաթարում Թուրքիայի դեսպանը հայտնել է, որ Թուրքիան նախատեսում է ռազմաբազա հիմնել Քաթարում` տեղակայելով 3000 զինծառայողներ, ռազմաօդային, ինչպես նաև ռազմածովային ուժեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա: Թուրքիայի դեսպանն այս մասին հայտնել է բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Հայտարարվում է, որ Քաթարում թուրքական ռազմաբազայի զինծառայողները պայքարելու են երկու երկրների «ընդհանուր թշնամիների» դեմ: Համաձայնության շրջանակներում Քաթարն իրավունք է ստանում սեփական բազան հիմնել Թուրքիայի տարածքում:

Նշելով, որ սա լինելու է Թուրքիայի արտասահմանյան առաջին ռազմաբազան՝ Թուրքիայի դեսպանն ընդգծել է, որ ռազմաբազայում երկու երկրների զինվորականները կանցկացնեն համատեղ վարժանքներ: Նա չի հայտնել, թե կոնկրետ երբ է բազան պատրաստ լինելու, սակայն նշել է, որ ներկայումս Թուրքիայի ԶՈւ շուրջ 100 զինծառայողներ մարզում են Քաթարի` Պարսից ծոցի մոտ տեղակայված ստորաբաժանումները:

Նշենք, որ դեռևս 2015-ի հունիսին հայտնի էր դարձել, որ Թուրքիան մտադիր է մեկ բրիգադ տեղակայել Քաթարի տարածքում` ստեղծելով իր առաջին ռազմաբազան այլ երկրի տարածքում:

Իսկ հունիսի 8-ից գործողության մեջ է դրվել Թուրքիայի և Քաթարի ռազմական համագործակցության համաձայնագիրը, որով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք է ստանում ստորաբաժանումներ տեղակայել Քաթարում, ինչպես նաև սահմանվում է երկու երկրների զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։

Հավելենք նաև, որ 2014-ի դեկտեմբերի 20-ին Քաթարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ստորագրել էին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։

One response to “Թուրքիան 3000-հոգանոց ռազմաբազա է հիմնելու Քաթարում. Թուրքիայի դեսպան

  1. Pingback: Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել Քաթարում ռազմաբազայի տեղակայումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *