Թուրքիան շարունակում է պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթ) Ռեյլանհլը գավառի Սիրիային սահմանակից հատվածում ավարտվել են պատի կառուցման աշխատանքները: Ընդհանուր առմամբ կառուցվել է 11.5 կմ երկարությամբ շարժական պատնեշ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրք-սիրիական սահմանին կառուցված բետոն շարժական պատնեշ

Թուրք-սիրիական սահմանին կառուցված բետոն շարժական պատնեշ

Ռեյհանլը և Հասսա գավառների միջև ընկած սահմանային հատվածում ընդհանուր առմամբ տեղադրվել և ամրացվել են նախապես պատրաստված 2 մետր լայնությամբ, 3 մետր բարձրությամբ և շուրջ 7 տոննա զանգվածով բետոնե ամրություններ:

Թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության փոխանցմամբ` 2012-ից մինչ օրս թուրք-սիրիական սահմանին կառուցվել է 23 կմ երկարությամբ բետոն շարժական պատնեշ, 108 կմ երկարությամբ փշալար, 386 կմ խրամատ, 80 կմ հողե ամրություններ, իսկ սահմանի 423 կմ երկարությամբ հատվածում կատարվել են լուսավորման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ այս աշխատանքների համար ծախսվել է շուրջ 103 մլն ամերիկյան դոլար: Գործընթացի մեջ է շուրջ 168 կմ երկարությամբ բետոնե շարժական ամրությունների շինարարությունը:

Դեկտեմբերի 4-ին թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունն էլ իր հերթին հայտնել էր, որ թուրք-սիրիական սահմանի շուրջ 82 կմ երկարությամբ հատվածում աշխատանքներ են տարվում բետոնե շարժական ամրությունների կառուցման համար: Մասնավորապես 42 կմ պատ պետք է կառուցվի Գազիանթեփի (Այնթափ), իսկ 40 կմ` Քիլիսի նահանգների` Սիրիային սահմանակցող հատվածներում:

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը` ահաբեկիչների մուտքը կանխարգելելու համար։

Ներկայումս Սիրիայի և Իրաքի տարածքների հսկայական հատվածը վերահսկող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր շարքերը համալրում է մասնավորապես նաև Թուրքիայից Սիրիա անցնող զինյալներով, իսկ բացի դրանից` Թուրքիայի տարածքով ահաբեկիչները ներթափանցում են նաև Եվրոպա: ԻՊ-ն նաև Թուրքիայի տարածքով է արտահանում, ինչպես նաև հենց Թուրքիայում վաճառում Սիրիայից և Իրաքից արդյունահանած նավթը, ինչն այդ կառույցի հիմնական եկամտի աղբյուրներից մեկն է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ֆիզիկապես չեն կարող վերահսկել թուրք-սիրիական սահմանի հսկայական հատվածն ամբողջությամբ: Այս հանգամանքն օգտագործվել է իբրև պատրվակ` այդ կառույցի հետ համագործակցությունը ծածկելու համար:

2 responses to “Թուրքիան շարունակում է պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին

  1. Pingback: Թուրքիան թուրք-սիրիական սահմանին կառուցում է ևս 700 կմ պատ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի հետ սահմանին. Թուրքական ԶԼՄ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *