Մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-Նևի-2015» ռազմածովային զորավարժությունը

Դեկտեմբերի 7-ին Հնդկական օվկիանոսի Բենգալյան ծոցում մեկնարկել է ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-Նևի-2015» ռազմածովային զորավարժությունը, որի ակտիվ փուլն անցկացվելու է դեկտեմբերի 10-12-ը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան « ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանցի նավաստիները Հնդկաստանում։ Նկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

Ռուսաստանցի նավաստիները Հնդկաստանում։ Նկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի մի խումբ դեկտեմբերի 7-ին ժամանել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի արևելյան ռազմական հրամանատարության «Վիշակհապատնամ» բազա, որտեղ ռուսաստանյան պատվիրակությունը հանդիպել է հնդկական կողմի հետ։

Հայտնի է, որ թվով ութերորդ ռազմածովային զորավարժությանը ռուսաստանյան կողմից ներգրավված են «Վարյագ» հրթիռային հածանավը, «Բիստրիյ» ականակիր նավը, «Բորիս Բուտոմա» տանկերը, փրկարարական «Ալատաու» նավը։

Հնդկական կողմից մասնակցում են «Սահյադրի» (Sahyadri) ֆրեգատը, «Ռանվիր» (Ranvir) ականակիր նավը, «Շաթկի» (Shakti ) տանկերը, պարեկային հականավային P-8 Poseidon ինքնաթիռը, առափնյա անվտանգության Do-228 ինքնաթիռը, ինչպես նաև ուսումնամարտական 2 միավոր Hawk Mk132 ինքնաթիռ և ուղղաթիռներ։

Հիշեցնենք, որ «Ինդրա» զորավարժություններն ունեն ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային ու օդային տարբերակներ։ Նոյեմբերի 9-18  Հնդկաստանի Մախաջան զորավարժարանում անցկացվել է ռուս-հնդկական համատեղ հակաահաբեկչական «Ինդրա-2015» զորավարժությունը, որին ռուսաստանյան կողից մասնակցել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 20-րդ մոտոհրաձգային բրիգադի մոտոհրաձգային գումարտակի շուրջ 250 զինծառայող։

«Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ ամենամյա զորավարժություն է, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *