ԱՄՆ-ն դեմ է առանց Իրաքի համաձայնության այդ երկիր զորք մտցնելուն

ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զորք չի մտցնի Իրաք՝ առանց այդ երկրի համաձայնության, և ոչ մի այլ երկիր ևս առանց Իրաքի համաձայնության չպետք է զորք մտցնի այնտեղ։ Այս մասին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Բրեդ Մըք Գուրքը (Brett McGurk) գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Մըք Գուրքն այս հայտարարությունը տարածել է այն բանից հետո, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաքի տարածք՝ քրդական Փեշմերգեն մարզելու պատրվակով։ Սկզբնական շրջանում թուրքական կառավարությունը հայտնում էր, որ զորքերի տեղակայումը համաձայնեցված է Իրաքի ղեկավարության հետ։

Սակայն ընդամենը մեկ օր անց՝ դեկտեմբերի 5-ին, այդ երկրի կառավարությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Թուրքիան անմիջապես պետք է դուրս բերի իր զորքերը, հակառակ դեպքում դա կհամարվի թշնամական ակտ և հակաքայլեր կձեռնարկի։

Միաժամանակ Իրաքի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ Իրաքը կարող է նաև դիմել Ռուսաստանի ռազմական օգնությանը, եթե Թուրքիան հրաժարվի դուրս բերել իր զորքերը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիան նախատեսում էր իր իրաքյան ստորաբաժանումները համալրել ևս 350 հատուկջոկատայիններով՝ եղած զորքերը դուրս բերելու փոխարեն։ Ստեղծված անհամաձայնությունների պարագայում երեկ՝ դեկտեմբերի 7-ին, թուրքական կողմը հայտնել էր, որ առայժմ կարող է միայն դադարեցնել նոր ստորաբաժանումների տեղակայումը, եթե Իրաքը դեմ է։

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Թուրքիայի արտգործնախար Մևլյութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ դեկտեմբերի 9-ին Թուրքիա են այցելելու Իրաքյան Քրդստանի նախագահը և պաշտպանության նախարարը՝ նաև այս խնդիրները քննարկելու համար։

Նշենք նաև, որ թուրքական IMC TV հեուստաալիքի կայքի տեղեկության համաձայն՝ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հանդես է եկել հայտարարությամբ՝ ստեղծված իրավիճակի շուրջ բարձրացված աղմուկը համարելով անտեղի։ Նա նշել է, որ թուրքական ստորաբաժանումները մարզում են այն ուժերին, որոնք պատրաստվում են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ գտնվող Մոսուլ քաղաքը։

Հավելենք, որ թուրքական նույն աղբյուրը տեղեկացնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի այն հայտարարության մասին, որ ԱՄՆ-ն չի պաշտպանում թուրքական ստորաբաժանումների տեղակայումն Իրաքում՝ առանց այդ երկրի համաձայնության։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *