Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015

Թուրքիան զորք և զրահատեխնիկա է տեղակայել Իրաքի հյուսիսում, Իրաքը դեմ է • Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են ամբողջապես փակել թուրք-սիրիական սահմանը •  Սիրիա զենք տեղափոխելու գործով ձերբակալվել է թուրքական բանակի 2 գեներալ • ՆԱՏՕ-ի անդամները կօգնեն Թուրքիային • Թուրքական ավիաբազան տրամադրվել է Ֆրանսիային և Գերմանիային՝ ԻՊ-ին հարվածելու համար • ՌԴ և Թուրքիայի նախագահները Փարիզում չեն հանդիպի • «Ասելսանը» զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգ է արտադրելու • Ուկրաինայի զրահատեխնիկան կարող է համալրվել թուրքական օպտիկական համակարգերով • Բրիտանացիները մասնակցելու են թուրքական կործանիչների նախագծմանը • Դիարբեքիրում օդուժի ներգրավմամբ ռազմական գործողություններ են իրականացվում • Դեկտեմբեի 1-ին և 2-ին գրանցված թուրք-քրդական բախումների հետևանքով երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ կան

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

• Դեկտեմբերի 4-ին Թուրքիան զինված ուժերի 150 հատուկջոկատային և 20 տանկ է տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում՝ քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին մարզելու պատրվակով: Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները, հարգել Իրաքի ինքնիշխանությունը և դուրս բերել նախօրեին Իրաք ուղարկած շուրջ 150 հատուկջոկատայիններին և զրահատեխնիկան:

• Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են ամբողջապես փակել թուրք-սիրիական սահմանը՝ դեպի Սիրիա ահաբեկիչների մուտքը կանխելու, ինչպես նաև Սիրիայից Թուրքիա մաքսանենգ ապրանքերի առաքումը կասեցնելու համար։

• Թուրքիայից Սիրիա բեռնատարներով զենք տեղափոխելու գործով Ստամբուլի դատարանի որոշմամբ՝ լրտեսության ու ահաբեկչական խումբ ստեղծելու, ղեկավարելու ու իշխանափոխություն իրականացնելու մտադրությունների մեղադրանքով ձերբակալվել է թուրքական բանակի 3 բարձրաստիճան սպա, այդ թվում՝ 2 գեներալ։

• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կառույցը շարունակելու է ակտիվացնել իր մասնակցությունը Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության հարցում՝ տեղակայելով հակաօդային պաշտպանությունն ապահովող նոր ուժեր:

• Թուրքիան թույլատրել է ֆրանսիական օդուժին շահագործել «Ինջիրլիք» ռազմաբազան՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերին ավիահարվածներ հասցնելու նպատակով: Իսկ Գերմանիան ԻՊ դեմ պայքարի շրջանակներում 6 Tornado հետախուզական ինքնաթիռներ, ինչպես նաև մեկ ֆրեգատ է տեղակայելու Թուրքիայում ու այդ երկրի ջրային տարածքներում։ Նախագիծն արդեն հաստատվել է Գերմանիայի խորհրդարանում։

• ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Փարիզում ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում չի լինելու:

• Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը և Թուրքիայի ՊԱԳՎ-ն ստորագրել են «Ալթայ» տանկի համար զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության AKKOR համակարգի արտադրման և մատակարարման մասին պայմանագիր։

• Կիևի զրահատանկային գործարանը զրահատեխնիկայի, մասնավորապես՝ օպտիկական նշանառության համակարգերի արդիականացման նպատակով միաժամանակ բանակցում է թուրքական «Ասելսան» և լեհական PSO ռազմարդյունաբերական ընկերությունների հետ։

• Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը որոշել է դիմել բրիտանական BAE Systems խոշոր ռազմարդյունաբերական ընկերությանը՝ թուրքական TF-X կոչվող կործանիչի վերջնական նախագծման համար։

Թուրքիայի տեղական կործանիչի նախատիպ

Թուրքիայի տեղական կործանիչի նախատիպ

• Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում թուրքական ուժայինները «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ օդուժի ներգրավմամբ ռազմական գործողություններ են իրականացնում։

Դեկտեմբերի 1-ին, Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 7 զինյալ: Դիարբեքիր նահանգի Սուր և Հազրո գավառներում ևս երկու քուրդ զինյալ է սպանվել: Դեկտեմբերի 2-ին Մարդինի Արթուքլու գավառում PKK-ն պայթեցրել է Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ տեղափոխող մեքենան, ինչի հետևանքով սպանվել է 1, վիրավորվել՝ 5 զինծառայող։

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում PKK-ի զինյալների և անվատանգության ուժերի միջև բախման արդյունքում սպանվել է մեկ զինյալ և վիրավորվել՝ երեք ոստիկան: Իրավիճակը սրումը կապված էր նոյեմբերի 28-ին անհայտ անձանց կողմից Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավար, ազգությամբ քուրդ Թարիհ Էլչիի սպանության հետ:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *