Ուկրաինայի զրահատեխնիկան կարող է համալրվել թուրքական օպտիկական համակարգերով

Կիևի զրահատանկային գործարանը զրահատեխնիկայի, մասնավորապես՝ օպտիկական նշանառության համակարգերի արդիականացման նպատակով միաժամանակ բանակցում է թուրքական «Ասելսան» և լեհական PSO ռազմարդյունաբերական ընկերությունների հետ։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնի կայքը։

Ուկրաինական ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչը

Ուկրաինական ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչը

Ըստ աղբյուրի՝ «Ասելսանի» հետ բանակցել են այդ ընկերության օպտիկական նշանոցային համակարգերն օգտագործելու շուրջ։ Լեհական ընկերության հետ քննարկել են զրահատանկային տեխնիկան օպտիկական համակարգերով համալրելու, ինչպես նաև դրա արտադրության տեխնոլոգիաների հարցերը։

Բացի այդ ուկրաինացիները բանակցել են ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչի հիդրավլիկայի հանգույցների և սարքավորումների մատակարարման շուրջ, սակայն բանակցություններից մանրամասներ չեն տրամադրվում, նույնիսկ հայտնի չէ «հասցեատերը»։

«Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, իր հերթին հավելում է, որ թուրքական ընկերության հետ քննարկվել է նաև օպտիկական նշանառության համակարգերի արտադրությունում հնարավոր համագործակցությունը։ Այնուամենայնիվ, առաջին փուլում համագործակցության նպատակը զրահատանկային միջոցների արդիականացումն է։

Նշվում է նաև, որ ավելի վաղ՝ այս տարվա սեպտեմբերին  «Ուկրօբորոնպրոմ»-ի Ժիտիմորսկի զրահատանկային գործարանը և լեհական  PSO-ն Ուկրաինայի ԶՈւ զրահատեխնիկայի օպտիկական էլեկտրոնային սարքավորումների արդիականացման նախնական պայմանագիր են ստորագրել, որը ենթադրում է ուկրաինական կողմին օպտիկական էլէկտրոնային սարքավորումների նախագծնման լեհական տեխնոլոգիաների տրամադրում։

Հավելենք, որ թուրքական ընկերությունը դեռևս այս թեմայով որևէ հայտարարություն չի արել, իսկ ուկրաինական լրատվամիջոցների մի մասը նշում են, թե իբր այս համաձայնությունները ինչ-որ չափով կապված են նաև Թուրքիայի հանդեպ ռուսական վերջին պատժամիջոցների հետ։

Համաձայն «Ուկրօբորոնպրոմ»-ի տեղեկության՝ ներկայումս ուկրաինական ընկերությունն իրականացնում է Տ-64 տանկերի, ԲՏՌ-70 և ԲՏՌ-80 զրահափոխադրիչների արդիականացման աշխատանքներ, ինչպես նաև շարունակում է արտադրել ԲՏՌ-3 զրահափոխադրիչներ։

Հիշեցնենք, որ «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնը ստեղծվել է 2010-ի դեկտեմբերին՝ տեղական ռազմարդյունաբերական շուրջ 125 գործարանները միավորելու նպատակով։ Կիևի զրահատանկային գործարանը ևս մտնում է կոնցեռնի մեջ։

Ավելացնենք, որ ուկրաինական ԲՏՌ-3 զրահափոխադրիչը խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչի հիման վրա է ստեղծվել: 16,5 տոննա զանգվածով լողացող մեքենայի անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող դեսանտայինների քանակը՝ 6–8 մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *