Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել է Ադրբեջան և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և վարչապետ Արթուր Ռասիզադեին։

Վրաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ

Վրաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Խիդաշելին նշել է, որ իր այցը Ադրբեջան կնպաստի այդ երկրների ռազմական կառույցների միջև համագործակցությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արդեն Զաքիր Հասանովը նշել է, որ կարևոր է երկու երկրների համագործակցությունը հատկապես ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում:

Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ քննարկվել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև կապերի ամրապնդման, ռազմական և այլ ոլորտներում համագործակցության, երկու երկրների ԶՈւ տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների իրականացման և այլ հարցեր։

Վրաստանի պաշտպանության նախարարի և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հանդիպմանը վարչապետ Ռասիզադեն նշել է, որ շարունակելու են ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսական, էներգետիկայի, ռազմական, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում:

Խիդաշելիի այցը Ադրբեջան շարունակվելու է մինչև վաղը՝ դեկտեմբերի 3-ը:

Նշենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 1-ին էլ Ադրբեջան է այցելել Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Էբրալիձեի պատվիրակությունը, որն այնտեղ ծանոթացել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործունեությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *