Ուսանողները կկարողանան ուսմանը զուգահեռ 2,5-ամյա դասընթաց անցնել և համալրել ԶՈւ սպայակազմը

Հայաստանի զինված ուժերը սկսել են նոր ծրագիր, որով բուհերում սովորող արական սեռի ուսանողները կարող են ուսմանը զուգահեռ յուրացնել ռազմական գործը: Ուսանողների առաջին խումբն արդեն ընտրվել է, մեկնարկել է խմբի ուսումնառությունը՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ նոյեմբերի 28-ի թողարկումը:

Ուսանող կուրսանտները ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսսյանի անվան ռազմական ինստիտուտում

Ուսանող կուրսանտները ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսսյանի անվան ռազմական ինստիտուտում

Նոր ծրագրով՝ զինվորական դասընթացի առաջին ունկնդիրները հանձնել են քննություններ, անցել են բուժզննությունը և ընդգրկվել կուրսանտների առաջին խմբում: Նրանց ծառայությունը տևելու է 2,5 տարի:

Դասընթացների ունկնդիրներն ամեն շաբաթ լինելու են ռազմական ինստիտուտում՝ տեսական ու գործնական դասեր են անցնելու: Նրանց ուսումնական ծրագիրը հագեցած է ինչպես լսարանային դասաժամերով, այնպես էլ դաշտային վարժանքներով:

— Դասընթացների ծրագրով նախատեսված է պատրաստել սպաներ, — նշում է ունկնդիրների 2-րդ խմբի ղեկավար, մայոր Սերգեյ Խուրշուդյանը, — դասընթացների տևողությունը 5 կիսամյակ է: Պարապմունքներն ընդհանուր կազմելու են 976 ժամ, որից տեսական պարապմունքները՝ 624 ժամ, գործնականը՝ զորային հավաքների տեսքով՝ 352 ժամ: Դասընթացների ընդհանուր կրթաբաժինները չորսն են՝ մարտավարամասնագիտական, ընդհանուր ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կառավարման:

Դասընթացների ավարտին ունկնդիրները հանձնելու են ավարտական քննություններ և ստանալով  դիպլոմներ ու լեյտենանտի նախնական կոչում՝ ծառայության են անցնելու զինված ուժերի ստորաբաժանումներում:

— Ինստիտուտում ստեղծված են բոլոր պայմանները և համապատասխան լսարանային ուսումնանյութական բազան, որը անհրաժեշտ է ուսանող կուրսանտների ուսումնառության համար, — «Զինուժի» լրագրողներին տեղեկացրել է ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, — կուրսանտները կարող են օգտվել նաև ռազմական ինստիտուտում գործող բուժծառայությունից, գրադարանից, մասնակցել ինտելեկտուալ խաղերին, օլիմպիադաներին, մշակութաժամանցային միջոցառումներին:

One response to “Ուսանողները կկարողանան ուսմանը զուգահեռ 2,5-ամյա դասընթաց անցնել և համալրել ԶՈւ սպայակազմը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *