Իրանը կարող է դիտորդ պետություն դառնալ ՀԱՊԿ-ում

Իրանի խորհրդարանի պատվիրակությունը որպես հատուկ հյուր նոյեմբերի 24-26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին: Հենց նստաշրջանի ընթացքում ՌԴ խորհրդարանի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ քննարկվելու է Իրանին ՀԱՊԿ ԽՎ-ում որպես դիտորդ-պետություն ներգրավելու հնարավորությունը:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը

Այս մասին իրանական «ԻՐՆԱ» գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալադին Բորոուջերդին:

Պատգամավորի խոսքով՝ Նարիշկինը նշել է, որ հուսով է՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստին Իրանի պատվիրակությունը կմասնակցի որպես դիտորդ պետություն, և որ անհրաժեշտ է օգտագործել Իրանի փորձը հակաահաբեկչական պայքարում:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին նոյեմբերի 24-26-ին մասնակցել է նաև Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը: Նիստերի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգությանը, հակաահաբեկչական պայքարին, ՀԱՊԿ պետությունների էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը: Կազմակերպության նպատակն է հավաքական միջոցներով ապահովել անդամ երկրների անվտանգությունը:

Ներկայում Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի դիտորդ պետություններ են Սերբիան և Աֆղանստանը: Իսկ Իրանին որպես դիտորդ ներգրավելու մտադրություն կա դեռևս 2014-ից:

2 responses to “Իրանը կարող է դիտորդ պետություն դառնալ ՀԱՊԿ-ում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: ՀԱՊԿ-ը կարող է ռազմաքաղաքականից վերածվել ունիվերսալ միջազգային կազմակերպության | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *