ՊԲ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքները

Նոյեմբերի 28-ին Ստեփանակերտում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2015թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, Արցախի կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

Ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և ձմեռային զորակոչի նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությունը Պաշտպանության բանակի հրամանատարի ղեկավարությամբ

Ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և ձմեռային զորակոչի նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությունը Պաշտպանության բանակի հրամանատարի ղեկավարությամբ

Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը:

Զինկոմը ներկաներին նաև հավաստիացրել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը հաջողությամբ իրականացնելու համար:

Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն է ընդգրկել նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետի զեկույցը: Բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց նաև զորամասերում և ստորաբաժանումներում՝ նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող գործընթացների ընդհանուր վիճակը:

Զեկույցներից ու ելույթներից հետո ներկայացվել է Պաշտպանության բանակի հրամանատարի «2015թ. ամառային զորակոչի արդյունքների մասին» հրամանը, համաձայն որի նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:

Խորհրդակցությունն ավարտվել է Պաշտպանության բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Մնացականյանը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *