Զենքի արտադրության արտոնագիր է տրվել «Ֆերոն» ընկերությանը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել հայաստանյան «Ֆերոն» ընկերությանը երեք տարով զենքի արտադրության արտոնագիր տրամադրելու որոշմանը: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Պանորամա» լրատվական կայքը:

Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, որ նշել է, որ ընկերությունը մարտական զենքի պահեստամասերի մշակման, նորոգման և արտադրության աշխատանքներ է կատարել նախարարության պատվերով:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով պաշտպանության նախարարության համար կատարած պայմանագրային աշխատանքները՝ նպատա­կա­հարմար է ընկերության տալ զենքի արտադրության լիցենզիա երեք տարի ժամկետով:

Մինչ այս «Ֆերոն» ընկերությունը 2008 թվականից ունեցել է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության արտոնագիր, որն ուժը կորցրած է ճանաչվել 2015-ի հոկտեմբերին:

Ավելացնենք, որ ավելի վաղ, ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի որոշումներից մեկով՝ «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ՍՊԸ-ին տրված մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետն էլ երկարաձգել է հինգ տարի ժամկետով: «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ընկերությունը նույնպես մարտական զենքի արտադրության պայմանագրային աշխատանքներ է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *