Նախագահ Սարգսյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարարին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նախագահը բարձր է գնահատել հայ-սերբական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նախարար Բրատիսլավ Գաշիչի այցի շրջանակներում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը, նրա համոզմամբ, համալրեց փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի և Սերբիայի պաշտպանական գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության համար:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-սերբական դարավոր հարաբերություններն ունեցել են բարեկամության բազմաթիվ դրսևորումներ, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային կապերը, միանման հոգևոր արժեքները և փոխադարձ համակրանքը:

Հայաստանի նախագահը և Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ժամանակ քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգը, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի խնդիրներ:

Ավելացնենք, որ Սերբիայի պաշտպանության նախարարը երկօրյա այցով Հայաստան է եկել երեկ՝ նոյեմբերի 24-ին: Նոյեմբերի 25-ին նախարար Բրատիսլավ Գաշիչին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *