Երևանում զինված հանցախմբի 10 անդամ է ձերբակալվել. առգրավվել է մեծ քանակի զինամթերք

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որի նպատակն է եղել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցախումբ, որն ապօրինաբար ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք՝ թաքցնելով այդ Երևանի Նորք թաղամասում վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ, այդ թվում՝ «Մուխա» տեսակի, նռնակներ, պայթուցիկ նյութեր և սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանն են եղել հանցախմբի ստեղծման և ղեկավարման մեջ կասկածվող Արթուր Վարդանյանն ու  խմբի ևս 9 անդամ։ Վերջիններս ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) և 2-րդ մասերով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ կատարված կազմակերպված խմբի կողմից, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով): Կատարվում է նախաքննություն:

ԱԱԾ մամուլի հաղորդագության մեջ նշվում է, որ այլ մանրամասններ կտրամադրվի ավելի ուշ:

Նշենք, որ դեպքի մասին գրում է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հայտնելով, որ վնասազերծվածներից 3-ը կանայք են, 7-ը՝ տղամարդ։ Ձերբակալվածների մեծ մասը արտասահմանցիներ են:

2 responses to “Երևանում զինված հանցախմբի 10 անդամ է ձերբակալվել. առգրավվել է մեծ քանակի զինամթերք

  1. Pingback: ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *