Ռուսաստանի ԶՈւ ինքնաթիռը խոցել են ահաբեկիչների հանցակիցները. Պուտին (վիդեո)

Ռուսաստանյան ինքնաթիռի խոցումը դուրս է հակաահաբեկչական պայքարի սահմաններից: Այսօրվա մեր կորուստը մեր մեջքին խփված հարվածի հետևանք է, որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: Այլ կերպ այսօրվա միջադեպը հնարավոր չէ բացատրել: Այսպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որակել Թուրքիայի կողմից Ռուսաստանի ԶՈւ ինքնաթիռի խոցումը Հորդանանի թագավորի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում՝ թուրքական F-16 ինքնաթիռից արձակված «օդ-օդ» հրթիռով, — հայտարարել է ՌԴ նախագահը, — այն ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռը խոցվել է այն ժամանակ, երբ եղել է 6000 մետր բարձրության վրա և Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա»:

Ռուսաստանի նախագահի խոսքով ռուսաստանյան ինքնաթիռը «Իսլամական պետության» դեմ գործողության էր մասնակցում և ոչ մի կերպ սպառնալիք չէր Թուրքիայի համար: Պուտինը նշել է, որ Լաթաքիայի լեռներում (միջադեպի վայրը և դրանից ավելի հարավ տարածքը) կենտրոնացած են Ռուսաստանի քաղաքացիներից կազմված ահաբեկչական խմբեր, և այդ ահաբեկիչները վերադառնալու էին Ռուսաստան, ինչի համար էլ ռուսաստանյան օդուժն այնտեղ կանխարգելիչ գործողություններ էր իրականացնում:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իրենք վաղուց գիտեին, որ ահաբեկիչնրը նավթամթերք էին վաճառում Թուրքիային, որտեղից էլ գալիս էր նրանց ֆինանսավորումը, իսկ հիմա էլ Թուրքիան հարվածում է այն ինքնաթիռին, որը պայքարում է այդ ահաբեկիչների դեմ:

«Եվ դա այն դեպքում, որ մենք ամերիկյան գործընկերների հետ արձանագրություն էինք ստորագրել՝ միջադեպերի դեպքում զգուշացնելու վերաբերյալ, — նշել է Պուտինը, — իսկ Թուրքիան այն երկրներից է, որ հայտարարել է, թե իբր կռվում է ահաբեկիչների դեմ՝ ԱՄՆ կոալիցիայի կազմում»:

Այսօրվա միջադեպը, ըստ Ռուսաստանի նախագահի, լուրջ ազդեցություն է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Ընդ որում՝ Թուրքիան, ըստ Պուտինի, միջադեպից անմիջապես հետո կապվել է ոչ թե Ռուսաստանի հետ, այլ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ, կարծես ռուսաստանյան կողմն է խոցել Թուրքիայի ինքնաթիռը, և ոչ թե հակառակը:

«Հասկանալով, որ ամեն պետություն ունի իր տարածաշրջանային շահերը, ու հարգելով դրանք՝ մենք միևնույն է չենք հանդուրժի այնպիսի հանցագործություններ, ինչպիսին այսօրվանն է», — հայտարարել է ՌԴ նախագահը:

Այսօր էլ, միջադեպի հետ կապված, ՆԱՏՕ-ն հրավիրել է արտակարգ խորհրդակցություն՝ ՆԱՏՕ-ում մասնակից պետությունների դեսպանների մասնակցությամբ: Խորհրդակցությունն անցկացվելու է Երևանի ժամանակով ժամը 19:00:

Նշենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի օդուժի F-16 կործանիչները խոցել են Ռուսաստանի զինված ուժերի Սու-24 ռմբակոծիչը, որն ընկել է Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից գյուղում՝ Պուտինի խոոսքով՝ սահմանից 4 կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ գերի է ահաբեկիչների ձեռքում:

3 responses to “Ռուսաստանի ԶՈւ ինքնաթիռը խոցել են ահաբեկիչների հանցակիցները. Պուտին (վիդեո)

  1. Pingback: ՌԴ ԶՈւ ինքնաթիռի խոցման հետ կապված՝ Թուրքիայում հրավիրվել է անվտանգության խորհրդաի նիստ | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում խոցված ռուսաստանյան ռմբակոծիչի օդաչուին փրկել և տարհանել են | Ռազմ.info

  3. Pingback: ՌԴ ԶՈւ ինքնաթիռի խոցումը հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին. Օհանյան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *