Ռուսաստանի պատվիրակությունն այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

Նոյեմբերի 18-19-ին Հայաստան է այցելել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ Օլեգ Բոչկարյովի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ Օլեգ Բոչկարյովի հետ

Այցի հիմնական նպատակն է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար:

Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ:

Այցի ընթացքում Օլեգ Բոչկարյովին ընդունեցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:

Ավելացնենք, որ դեռևս ապրիլին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները կարող են ներգրավվել Ռուսաստանի ռազմարդյունաբերության տեղայնացման գործընթացին։ Բորդյուժան նշել է, որ նախկինում այդ մատակարարումը կատարվում էր այլ երկրների հետ համագործակցությամբ, սակայն ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, մասամբ նաև ՌԴ իշխանությունների նախաձեռնությամբ ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրը ստիպված էր հրաժարվել արտասահմանից ռազմական արտադրանքի և մասերի ներկրումից:

ՀԱՊԿ քարտուղարի խոսքով՝ ՀԱԿՊ երկրներն ունեն համապատասխան արտադրական պոտենցիալ, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին ռազմական արտադրանք և դրա մասեր մատակարարելու համար:

Ապրիլին նախատեսվում էր նաև ստեղծել ՀԱՊԿ հատուկ հանձնաժողով՝ անդամ պետությունների փոխվարչապետների մակարդակով, որը պատասխանատու կլիներ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության համար:

Սեպտեմբերին էլ ՀԱՊԿ ռազմատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողովը պետք է գումարեր հերթական նիստը, որի ժամանակ նախատեսված էր քննարկել ՀԱՊԿ «Ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում» փոփոխություններ անելու հարցեր (համաձայնագիրը մասնավորապես կարգավորում է ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական արտադրանքի մատակարարման արտոնյալ պայմաններ), ինչպես նաև սպառազինությունների նորոգման և տեխսպասարկման համատեղ կենտրոններ հիմնելու ծրագրեր:

One response to “Ռուսաստանի պատվիրակությունն այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *