Հայաստանում 102-րդ ռազմաբազան համալրել է 700 զինծառայող

Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայում համալրում է։ Ռուսաստանի ուսումնական տարբեր հաստատությունների, ինչպես նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորամասերից աշնանային զորակոչի շրջանակներում Հայաստան է ժամանել 700 զինծառայող։ Այս մասին Razm.info-ին տեղեկացնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։

102-րդ ռազմաբազան համալրած ՌԴ ԶՈւ նորակոչիկները։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության

102-րդ ռազմաբազան համալրած ՌԴ ԶՈւ նորակոչիկները։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ժամանածները զորակոչով հերթափոխողների ընդհանուր առմամբ 40 տոկոսն են կազմում։
Զինծառայողների մեծ մասը մեքենաներ և զինտեխնիկա վարելու գիտելիքներ ունի, իսկ մյուս մասն արդեն հատուկ մասնագիտացում ունեցողներն են, ովքեր նշանակվելու են կապավորի, հետախույզի, դիպուկահարի հաստիքներում, ծառայելու են «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» ԱԹՍ-ների հաշվարկներում, ինչպես նաև ավիացիայում և ՀՕՊ զորքերում։

Հավելենք, որ օգոստոսին էլ 102-րդ ռազմաբազան համալրել էին նաև Ռուսաստանի ռազմական բուհերի, ակադեմիաների շրջանավարտներ, որոնց հետ սեպտեմբերին Կամխուդ բարձրլեռնային ուսումնամարզական կենտրոնում հրամանատարական վարժանքներ էին անցկացվել։

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 13-ին, ռուսաստանյան Gazeta.ru լրատվակայքը, հղում անելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարությունում քննարկում են արտերկրում գտնվող ՌԴ ԶՈւ ռազմաբազաները միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցը։

Սակայն մի քանի օր անց մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոց՝  Interfaxգործակալությունը, նույնպես հղում անելով ՌԴ ՊՆ իր աղբյուրներին, հայտնեց, որ օտարերկրյա ռազմաբազաներում միայն պայմանագրային զինծառայողներ տեղակայելը վաղուց է որոշվել ու կապված չէ Գյումրիում 2015 թ. հունվարի 12-ին կատարվածի հետ: Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան միայն պայմանագրայիններով համալրելու ծրագիրը նախատեսված է ավարտել 2016 թ. գարնանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *