ՌԴ օդուժը ԻՊ-ի դիրքերի խոցման համար ներգրավել է ռազմավարական ռմբակոծիչներ (վիդեո)

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված Սիրիայում ՌԴ բանակի գործողությունենրին, որի ժամանակ հայտարարվել է ԻՊ-ի ենթակառուցվածքի ոչնչացման՝ մշակված նոր մարտավարության մասին։

ՏՈւ-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ. ՌԴ ԶՈւ

ՏՈւ-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ. ՌԴ ԶՈւ

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Շոյգուն զեկուցել է Պուտինին, որ Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներն այսուհետ իրականացվելու են նաև հեռահար ավիացիայի Տու-160, Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները և Տու-22Մ3 հեռավոր ռմբակոծիչները։ Այսօր՝ նոյեմբերի 17-ին, դրանք արդեն իսկ իրականացրել են մարտական թռիչքներ և հաջողությամբ կատարել մարտական խնդիրը։

Գործակալությունը հաղորդում է նաև, որ ՌԴ զինված ուժերի հեռավոր ավիացիա հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Ժիխարյեվը տեղեկարցել է՝ ԻՊ-ի հենակետերի խոցման համար մշակվել է օդային գործողության նոր ծրագիր։ Վերջինս նախատեսում է, որ հեռավոր ավիացիայի 25 միավոր ինքնաթիռ օդային հարվածներ կհասցնեն Սիրիայում տեղակայված թիրախներին՝ օդ բարձրանալով ՌԴ տարածքից։

Նշենք, որ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունն արդեն իսկ հրապարակել է ռազմավարական վերոնշյալ ռմբակոծիչների մարտական առաջադրանքի կատարման տեսանյութը, դատելով որից, ինքնաթիռներն իրականացրել են ԻՊ-ի դիրքերի ինչպես ռմբակոծություն, այնպես էլ հրթիռակոծում՝ թևավոր հրթիռներով։ Տեսանյութն ուղեկցող հաղորդագրությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ Տու-160 և Տու-95ՄՍ ռմբակոծիչներն ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ արձակել են 34 թևավոր հրթիռ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այսօր, ՌԴ նախագահի մոտ կայացել էր խորհրդակցություն, որին ներկա էին անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, արտաքին հետախուզության ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Խորհրդակցության ժամանակ ԱԴԾ-ի պետ Բորտնիկովը զեկուցեց նախագահին, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում, ռուսաստանյան ավիաընկերությանը պատկանող Airbus A321 ինքնաթիռի վթարը եղել է ահաբեկչության հետևանք։ Ինքնաթիռի անկման պատճառով մահացել էին դրա 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները։

Զեկույցը լսելուց հետո Վլադիմիր Պուտինը հանձնարարեց խորհրդակցությանը ներկա համապատասխան կառույցների ղեկավարներին գործադրել բոլոր ջանքերը ահաբեկչության մեղավավորներին հայտնաբերելու և պատժելու համար։ Պուտինը հայտարարել էր նաև, որ ռուսաստանյան օդուժի աշխատանքը Սիրիայում պետք է ոչ թե շարունակվի, այլ ստանա ավելի ուժգին բնույթ։

2 responses to “ՌԴ օդուժը ԻՊ-ի դիրքերի խոցման համար ներգրավել է ռազմավարական ռմբակոծիչներ (վիդեո)

  1. Pingback: Ռուսաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Սիրիայում հակաահաբեկչական պայքարում | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ-ն կարող է ևս 10-12 կործանիչ տեղակայել Սիրիայում՝ ռմբակոծիչների անվտանգության համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *