Եգիպտոսում ՌԴ ինքնաթիռի անկումն ահաբեկչություն էր, ՌԴ-ն խստացնում է հակաահաբեկչական պայքարը

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անցկացրած խորհրդակցության ժամանակ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսաստանյան ինքնաթիռի անկման պատճառը եղել է ահաբեկչությունը: Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնում է ՌԴ նախագահի կայքը:

Եգիպտոսում վթարված ռուսաստանյան ուղևորատար ինքնաթիռի մնացորդները

Եգիպտոսում վթարված ռուսաստանյան ուղևորատար ինքնաթիռի մնացորդները

224 մարդու մահվան պատճառ դարձած ինքնաթիռի անկման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեկսանդր Բորտնիկովը հայտնել է, որ ինքնաթիռի մասերի և դրանում եղած անձնական իրերի փորձաքննության արդյունքում դրանց բոլորի վրա հայտնաբերվել են արտասահմանյան ծագման ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետքեր: Ռուսաստանյան փորձագետների եզրակացության համաձայն՝ ինքնաթիռում եղած, տրոտիլի 1կգ-ին համարժեք պայթուցիկ սարքը գործի է դրվել թռիչքի ժամանակ, ինչով էլ պայմանավորված է ինքնաթիռի բեկորների ցրվածությունը:

Բորտնիկովի խոսքով՝ կարելի է միանշանակ պնդել, որ դա ահաբեկչություն է եղել:

Այս եզրակացությանն անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սինայում (Եգիպտոս) ռուսաստանցիների սպանությունն առավել արյունալի հանցագործություններից է, և որ իրենք գտնելու են մեղավորներին և պատժեն նրանց:

«Սիրիայում մեր ավիացիայի մարտական գործողությունները ոչ միայն պետք է շարունակվեն, — նշել է ՌԴ նախագահը, — այլև պիտի ուժեղացվեն այնպես, որ հանցագործները հասկանան, որ հատուցումն անխուսափելի է»:

Վլադիմիրի Պուտինը երկրի պաշտպանության նախարարությանը և զինված ուժերի գլխավոր շտաբին հանձնարարել է սրա վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, իսկ արտգործնախարարությանը հանձնարարել է կապվել բոլոր գործընկերների հետ, քանի որ «հանցագործների հայտնաբերելու և պատժելու գործում իրենք հույս են դնում բոլոր բարեկամների վրա»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանին պատկանող Airbus A321 ինքնաթիռը Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում, վթարվել էր հոկտեմբերի 31-ին: Ինքնաթիռի անկման պատճառով մահացել էին նրա 217 ուղևորները և 7 հոգանոց անձնակազմը: Մինչ այժմ տարբեր մակարդակով վիճարկվում էր ինքնաթիռի անկման պատճառը:

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Եգիպտոսում արդեն ձերբակալվել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի 2 աշխատակից, որոնց կասկածում են պայթուցիկ սարքը ինքնաթիռ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Այսօր ավելի ուշ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել է, որ ահաբեկիչներին բռնելուն օժանդակող տեղեկությունների տրամադրման դիմաց ծառայությունը խոստանում է վճարել 50 մլն ամերիկյան դոլար դրամական պարգև:

2 responses to “Եգիպտոսում ՌԴ ինքնաթիռի անկումն ահաբեկչություն էր, ՌԴ-ն խստացնում է հակաահաբեկչական պայքարը

  1. Pingback: ՌԴ օդուժը ԻՊ-ի դիրքերի խոցման համար ներգրավել է ռազմավարական ռմակոծիչներ (վիդեո) | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ օդուժը Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ին պատկանող նավթատար մեքենաներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *