ՌԴ օդուժի Սու-34 ռմբակոծիչներն այսուհետ կկարողանան կիրառվել նաև որպես ՌԷՊ ինքնաթիռներ

Այս տարվա նոյեմբերից ՌԴ զինված ուժերը կստանան ֆյուզելյաժների տակ տեղադրվող կոնտեյներներ, որոնց շնորհիվ օդուժի Սու-34 ճակատային ռմբակոծիչները կկարողանան կատարել նաև ՌԷՊ ինքնաթիռի գործառւյթներ։ Մասնավորապես, կոնտեյներների մեջ հավաքած սարքավորումները թույլ կտան Սու-34-ին խոչնդոտել հակառակորդի ռադիոտեղորոշիչ կայանների և ՀՕՊ միջոցների աշխատանքը՝ ապահովելով ինչպես սեփական, այնպես էլ հարևանությամբ թռչող ինքնաթիռների անվտանգությունը։

Սու-34 ճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ

Սու-34 ճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ

ՌԷՊ միջուկով կոնտեյներների առաջիկա մատակարարման մասին Dubai Airshow-2015 ավիացուցադրության ժամանակ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել է ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կոնցերնի մեջ մտնող «Ռադիոէլեկտրոնային տեխնբոլոգիաների կոնցերնի» տնօրեն Իգոր Նասենկովը։

Նշենք, որՍու-34 ճակատային ռմբակոծիչը կարող է զարգացնել մինչև 1 900 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 17 000 մետր է։ Ինքնաթիռը կարող է մարտական խնդիրներ կատարել մինչև 4 000 կմ հեռավորության վրա։ Սպառազինությունում Սու-34-ն ունի 1 հատ 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և ամրացման 12 կետ՝ մինչև 8 000 կգ ընդհանուր զանգվածով ռումբ և հրթիռային սպառազինություն կրելու հնարավորությամբ։

Հիշեցնենք նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ սեպտեմբերի 30-ից Սիրիայում սկսված ռուսաստանյան գործողությունների շրջանակներում կիրառվում է նաև 4 միավոր Սու-34, որոնցով հիմնականում իրականացվում է ռմբակոծություն՝ ԿԱԲ-500Ս ուղղորդվող և ՕՖԱԲ-250 ավիառումբերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *