Փոխնախարար. միացյալ ՀՕՊ համակարգն ընդգրկում է նաև ՌԴ հարավային ռազմական օկրուգի ուժերը

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելու ՌԴ կառավարության առաջարկին: Հայաստանյան «Մեդիամաքս» լրատվական գործակալությունն այս թեմայով զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան

Ըստ փոխնախարարի՝ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետներն, այն անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է հաստատման Ռուսաստան: Համաձայնագրի նախագիծը պատրաստ է, և կողմերը պետք է ընտրեն դրա ստորագրման վայրը և ամսաթիվը։

Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ սա երկկողմ համաձայնագիր է, սակայն երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում այն կարող է գործել նաև ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակում:

Խոսելով համաձայնագրի դրույթների մասին, Տոնոյանը ներկայացրել է.

«Փաստաթուղթը իրավական հիմք է դնում հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում: Դա թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուժերը: Դա ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»:

Մեդիամաքսի հարցին, թե արդյո՞ք նոր համաձայնագիրը կարող է կիրառվել, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, փոխնախարարն ասել է. «Վստահ եմ, որ չկան հիմքեր կասկածի տակ առնելու ԼՂՀ Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի և միջոցների արդյունավետությունը»:

Ս-300ՊՍ, Երևան, 2011թ

Ս-300ՊՍ, Երևան, 2011թ

Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Ներկայում, բացի Հայաստանից, Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ է վարում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Ղազախստանի հետ նման համակարգի ստեղծման պայմանավորվածություն արդեն կա, ներկայում դրա նախապատրաստվում է դրա օրենսդրական բազան: Իսկ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգն արդեն կազմավորված է, 2016 թվականից նախատեսվում է այն նշանակել մարտական հերթապահության:

Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *