Հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման համար ՀՀ ՊՆ-ից հափշտակվել է 186 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։Նախնական տվյալներով ՀՀ ՊՆ-ից հափշտակվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի կայքը։

Նշվում է, որ 2013 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրել է թիվ ԲԸԱՀԱՊՊՁԲ-1-3 պայմանագիրը՝ ՀՀ ԶՈւ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմել է 485.831.189 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախքան պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կնքումը, նշված ընկերության տնօրենը մասնակցել է բանակցային գործընթացին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «ՀՀ-ում նմանատիպ համակարգ չկա, և համակարգի ստեղծման համար առաջադրված խնդիրները բարդ ու մեծածավալ են, որոնք պահանջում են նոր տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառում, և անհրաժեշտ կլինի մի շարք երկրներից ձեռք բերել տարբեր տեսակի ու քանակի սարքավորումներ, որոնք ՀՀ շուկայում չկան։ Այս պարագայում պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք հնարավորություն չեն ունենա ներկայացված գնային առաջարկն ուսումնասիրել և համեմատել շուկայական արժեքների հետ, բացի այդ, արտերկրից ձեռք բերված ապրանքները հասցեագրվելու են ՀՀ ՊՆ-ի անունով, և դրանք ենթակա չեն հայտարարագրման։ Այդ իսկ պատճառով արտերկրից ձեռք բերվող ապրանքների գնային առաջարկում վերոնշյալ ընկերությունը ներկայացրել է դրանց իրական արժեքներից տարբերվող, ուռճացված գներ»։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ չարաշահումների վերաբերյալ հիմնավոր կասկածներն ստուգելու համար մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի բնօրինակները փաստել են, որ շված համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել կեղծ տեղեկություններ։ Համագործակցության արդյունքում ԱՄՆ-ից և Վրաստանից ստացվել են տվյալ այդ երկրներում գործող տարբեր ընկերություններից սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության գործարքների արժեքների մասին փաստական տվյալներ, պարզվել կատարված հափշտակության մեխանիզմը։

Ըստ նախնական քննության՝ կատարված խարդախությունը թաքցնելու նպատակով ձեռք են բերվել պայմանագրի տեխնիկական տվյալներին համապատասխան ապրանքներ, սակայն նշված ընկերության տնօրենը դրանց վերաբերյալ պատրաստել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր. մուծվել է պայմանագրով նախատեսված հարկային պարտավորությունների ողջ գումարը, իսկ հափշտակված գումարներն ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ձևակերպվել են որպես կրեդիտորական պարտքեր:

2015թ. հոկտեմբերի 28-ին որոշվել է՝ քրեական գործով դեռևս 2014 թվականին որպես մեղադրյալ ներգրավված «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Սարգսյանի մեղադրանքի ծավալը փոփոխելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 454.916,65 ԱՄՆ դոլարին համարժեք 186.136.612 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վեջինս գտնվում է նախնական կալանքի տակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *