Իրանն ու Ռուսաստանը կնքել են Ս-300 համակարգերի մատակարարման նոր պայմանագիրը

Ռուսաստանը Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու համար արդեն կնքել է նոր պայմանագիր, ինչի մասին հայտարարել է ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կոնցերնի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսական Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգի բաղադրիչները

Նոր գործարքում տեղ գտած պայմանավորվածությունների մասին պաշտոնյան միայն նշել է, որ պայմանագրի առաջին մասի կատարումից հետո Իրանը հետ է կանչելու Ռուսաստանի դեմ միջազգային դատարան ուղարկված հայցը, որով պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար ռուսաստանյան կողմից պահանջում էր 4 մլրդ ամերիկյան դոլար:

Սրանով փաստորեն ավարտվել են Իրան-Ռուսաստան երկարատև բանակցությունները, որոնց նպատակը հին՝ 2007 թվականի պայմանագրի փոխարեն, նոր պայմանագիր կնքելն ու դատական հայցի հետ կանչելն էր:

Նշենք, որ Իրանին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որի գինը շուրջ 800 մլն դոլար էր, կողմերը կնքել էին դեռևս 2007թ.: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Միաժամանակ Ռուսաստանը վերադարձրել էր Իրանի վճարած 167 մլն դոլարը: Ենթադրաբար այս քայլը պայմանավորված էր Իսրայելի ճնշումներով:

Սակայն իրանական կողմին դա չէր գոհացրել, և Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ էր ներկայացրել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը համակարգերը փոխանցելու է մինչև տարեվերջ: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը՝ ինչով պայմանավորված էլ ՌԴ-ն և Իրանը բանակցություններ էին վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Համակարգերի շուրջ բանակցությունների համատեքստում հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «Ս-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատարարելուց առաջ կատարելագործել այն: Նոյեմբերի 5-ին էլ Իրանի պատվիրակությունը Ռուսաստանում այցելել է հակաօդային պաշտպանության միջոցներ, մասնավորապես նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրներ արտադրող «Ալմազ-Անթեյ» ընկերություն: