ԱՄՆ և ՌԴ կործանիչները փորձնական կապ են հաստատել Սիրիայի երկնքում

Ամերիկյան և ռուսաստանյան զինված ուժերին պատկանող կործանիչները նոյեմբերի 3-ին մոտեցել են իրար՝ մոտ 8 կմ (5 մղոն) հեռավորության վրա և փորձնական կապ են հաստատել միմյանց հետ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը։

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում

Մոտ 3 րոպե տևած կապի նպատակը էր՝ ստուգել արդյոք  կողմերը կկարողանան կապվել մեկը մյուսին Սիրիայի երկնքում մոտենալու դեպքում:

Սա երկու կողմերի առաջին նման փորձն է այն բանից հետո, երբ նախորդ ամիս ԱՄՆ-ն և ՌԴ-ն հուշագիր ստորագրեցին, որով նախատեսվում էր կանխարգելել հնարավոր բախումներն ու անախորժ միջադեպերը Սիրիայի երկնքում, քանի որ սեպտեմբերի վերջին Ռուսաստանի՝ Սիրիայում ավիահարվածներ սկսելուց հետո փաստորեն երկու երկրների ավիացիան էլ գործողություններ է իրականացնում Սիրիայի երկնքում:

Հուշագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ և ԱՄՆ համապատասխան գերատեսչությունների միջև նախատեսված էր ստեղծել շուրջօրյա օպերատիվ կապ, մշակել նաև երկու երկրների համատեղ գործողությունների մեխանիզմ, որն իր մեջ պետք է ներառեր ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում փոխադարձ օգնությունը՝ նախ և առաջ երկրներից մեկի օդաչուներին փրկելու հարցում, եթե վերջիններս հայտնվեն ֆորս-մաժորային իրավիճակներում։

Ավելացնենք, որ թեև ԱՄՆ-ն Սիրիայում ավիահարվածներ է իրականացնում դեռևս 2014-ի աշնանից, իսկ Ռուսաստանը՝ այս սեպտեմբերից, և չնայած, որ երկու երկրներն էլ ըստ հայտարարված նպատակների՝ պայքարում են ահաբեկչական կազմակերպությունների և մասնավորապես «Իսլամական պետության» դեմ, սակայն մինչև հիմա Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չեն կոորդինացնում իրենց գործողությունները, իսկ հաճախ նաև մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *