Թուրքական «Ալթայ» տանկերի դիզելային շարժիչների արտադրությունը կսկսվի 2020-ին

Թուրքիայի՝ շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» ընկերության ներկայացուցիչը հոկտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ իրենք թուրքական արտադրության «Ալթայ» տանկի համար 2016-ից նախագծելու են դիզելային շարժիչ, որի արտադրությունը կսկսվի 2020-ին։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվակայքը։

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ

Նույն մամուլի ասուլիսի ժամանակ «Թյումոսանը» նաև հայտարարել է, որ իրենք բացի իրենց հիմնական ոլորտներից նախատեսում են մասնագիտանալ նաև պաշտպանական տեխնոլոգիաների ու երկաթգծային համակարգերի ստեղծման գործերում։

Հիշեցնենք, որ  «Թյումոսան» մասնավոր ընկերությունն թուրքական արտադրության տանկերի շարժիչների նախագծման հարցում համագործակցելու վերաբերյալ վերջերս համաձայնագիր է ստորագրել ավստրիական AVL List ընկերության հետ։ Իսկ մինչ այդ՝ այս տարվա մարտին, «Թյումոսանը» թուրքական կառավարության հետ 190 մլն եվրոյի (206.35 միլիոն ԱՄՆ դոլար) պայմանագիր է կնքել՝ թուրքական «Ալթայ» տանկերի շարժիչների նախագծման, նախատիպային արտադրության, փորձարկման համար և հայտարարել, որ ծրագիրը տևելու է 54 ամիս (ավարտվելու է 2019-ի աշնանը)։ Ծրագրի առաջին տարում նախատեսվում է արտադրել 30 տանկի շարժիչատրանսմիսիոն հանգույց, իսկ հաջորդ տարիներին այդ թիվը կմեծանա։

Հիշեցնենք, որ «Ալթայ» տանկի շարժիչների արտադրության համար հայտարարված մրցույթում դեռևս 2014-ի օգոստոսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հաղթող էր ճանաչել թուրքական «Թյումոսան» ընկերությանը։

Ավելի վաղ նախատեսվում էր տանկի համար գնել արտասահմանյան արտադրության շարժիչներ, շրջանառվում էր գերմանական MTU ընկերության հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը։ Հետագայում քննարկվում էր նաև Ճապոնիայի հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը, սակայն թուրքական կողմը պայմանագիր չի ստորագրել նրանցից ոչ մեկի հետ՝ չկարողանալով վերջնական համաձայնության հասնել:

Ավելացնենք, որ թուրքական Ալթայ (Altay) հիմնական մարտական տանկը նախագծել է թուրքական «Օթոքար» ընկերությունը՝ Թուրքիայի զինված ուժերի պատվերով։ Այն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի անունով, որը քեմալական ազգայնամոլական շարժման ակտիվ մասնակիցներից է եղել։

Առաջին թուրքական տանկի հիմքը հարավկորեական K2 Black Panther տանկն է՝ իր տեխնոլոգիաներով ու լուծումներով։

One response to “Թուրքական «Ալթայ» տանկերի դիզելային շարժիչների արտադրությունը կսկսվի 2020-ին

  1. Pingback: Թուրքիայի «Ալթայ» տանկի շարժիչների խնդիրը շարունակվում չլուծված մնալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *