Իրանի ռազմանավերը վերադարձել են դեպի Ռուսաստան նավարկությունից

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստան կատարած այցից Իրան են վերադարձել երկրի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմի երեք՝ «Դամավանդ», «Ջոշան» և «Փեյքան» ռազմանավերը։ Սրանով ավարտվել է Իրանի նավատորմի 12-օրյա նավարկությունը Կասպից ծովում: Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Իրանի կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում. լուսանկարը astra-novosti.ru կայքի

Իրանի կասպյան նավատորմի P225 «Ջոշան» (ձախից) և P224 «Փեյքան» (աջից, երկրորդ պլան) հրթիռային կատերները Ռուսաստանի Աստրախան նավահանգստում. լուսանկարը astra-novosti.ru կայքի

Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, կոնտրադմիրալ Հաբիբոլահ Սայարին հայտնել է, որ այցի ընթացքում Իրանի ռազմանավերը ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականցրել են զորավարժություններ, թեև այցի ծրագրով նման բան չէր նախատեսվում։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ հոկտեմբերի 26-ին Իրանի ՌԾՈւ հրամանատարը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում մեկ և մեկուկես օր տևողությամբ զորավարժություններ են անցկացնելու՝ չնշելով սակայն դրանց անցկացման ժամկետները։

Դրանից բացի ծրագրված էր, որ մոտ երկու շաբաթ տևողությամբ այցի ընթացքում՝ Ռուսաստանից վերադառնալիս, Իրանի ռազմանավերը պետք է լինեին նաև Բաքվում։ Սակայն ո´չ իրանական «Ֆարս» գործակալությունը, ո´չ էլ ադրբեջանական լրատվամիջոցները չեն նշում՝ արդյոք իրանական ռազմանավերն այցելել են Բաքու, թե՞ ոչ։

Սա իրանական նավատորմի ռազմանավերի երկրորդ նավարկությունն է եղել դեպի Կասպից ծովի ռուսաստանյան նավահանգիստներ: Նախորդ այցը եղել է 2013-ին: Կողմերի հավաստմամբ՝ փոխադարձ այցելությունների նպատակը նավատորմերի միջև բարեկամության հաստատումն է:

Ավելացնենք, որ օգոստոսին իրենց հերթին նմանատիպ այցով Իրանում են եղել Ռուսաստանի կասպյան նավատորմի ռազմանավերը: Այցելության ընթացքում ռուսաստանյան և իրանյան ռազմանավերն անցկացրել են համատեղ զորավարժություն, որին մասնակցել են 200 իրանցի և 150 ռուսաստանցի զինծառայողներ: Դա ռուսաստանյան ռազմանավերի արդեն երրորդ այցելությունն էր Իրան:

One response to “Իրանի ռազմանավերը վերադարձել են դեպի Ռուսաստան նավարկությունից

  1. Pingback: Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանեն Ադրբեջանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *