Ռուսաստանը կատարելագործում է Ս-300 համակարգերը՝ Իրանին մատակարարելու համար

Ռուսաստանյան սպառազինության արտահանման պետական «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալությունը կատարելագործում է Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը՝ Իրանին մատակարարելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտնել է գործակալության ղեկավար Անատոլի Իսայկինը:

Պաշտոնյայի խոսքով՝ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «Ս-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատարարելուց առաջ կատարելագործել այն: Ներկայում, ըստ Իսայկինի, նոր պայմանագրի առևտրային բանակցություններն են ընթանում, դրանք մոտ են ավարտին:

Իսայկինը նշել է նաև, որ Իրանն իր հերթին հետ է վերցնելու Ռուսաստանի դեմ Ժնևի միջազգային դատարան ուղղված հայտը, որով իրանյան կողմը պայմանագիրը չկատարելու համար «Ռոսօբորոնէկսպորտից» 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանք էր պահանջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Իրանին մատակարարելու է Ս-300 համակարգերի այն տարբերակից, որը ժամանակին պատվիրել է իրանական կողմը, սակայն համակարգը որոշակիորեն կատարելագործելուց հետո:

Ավելացնենք, որ Իրանին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որի գինը շուրջ 800 մլն դոլար էր, կողմերը կնքել էին դեռևս 2007թ.: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Միաժամանակ Ռուսաստանը վերադարձրել էր Իրանի վճարած 167 մլն դոլարը: Ենթադրաբար այս քայլը պայմանավորված էր Իսրայելի ճնշումներով:

Սակայն իրանական կողմին դա չէր գոհացրել, և Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ էր ներկայացրել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը համակարգերը փոխանցելու է մինչև տարեվերջ: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը՝ ինչով պայմանավորված էլ ՌԴ-ն և Իրանը բանակցություններ էին վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

5 responses to “Ռուսաստանը կատարելագործում է Ս-300 համակարգերը՝ Իրանին մատակարարելու համար

  1. Pingback: Ռուսաստանը Իրանին մատակարարում է ՀՕՊ և էլեկտրոնիկայի որոշ տեսակներ | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի պատվիրակներն այցելել են Ռուսաստանի՝ Ս-300 համակարգերն արտադրող «Ալմազ-Անթեյ» գործարան | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանը Իրանին տրամադրելու է նախկինում Սիրիայի համար նախատեսված Ս-300-ները. «Կոմերսանտ» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *