Աֆղանստանում ծառայությունից առաջ ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման

Նախորդ շաբաթ հայ խաղաղապահներն ուղևորվել են Գերմանիա, որտեղ երկշաբաթյա համապատասխան դասընթացներ անցնելուց հետո կմեկնեն Աֆղանստան՝ միջազգային ուժերի շրջանակում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հոկտեմբերի 24-ի թողարկումը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորախումբը Գերմանիա մեկնելու հանդիսավոր արարողության ժամանակ

ՀՀ ԶՈւ խաղաղապահների նախորդ զորախումբը՝ Գերմանիա մեկնելու հանդիսավոր արարողության ժամանակ. հունվար 2015

Դասընթացների ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները մասնակցելու են ծառայության կրման վայրի տարածաշրջանին վերաբերող ավելի խորացված մասնագիտական պարապմունքներ, այդ թվում՝ նաև տվյալ տարածքի պատմությունը, ինչպես նաև ֆիզիկական, մարտավարական պատրաստության պարապմունքներ:

Խաղաղապահ բրիգադի զինծառայողներին Գերմանիա ճանապարհելուց առաջ նրանց վերջին հրահանգներն է տվել նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Գերմանիայում վերապատրաստում անցնելու հետո ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնելու են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, որտեղ իրականացնելու են միջազգային խաղաղապահ ուժերի ռազմաբազայի պաշտպանությունը:

Աֆղանստանում ծառայություն իրականացրած հայկական նախորդ զորախումբը հայրենիք էր վերադարձել 2015-ի օգոստոսին՝ շուրջ 7 ամիս ծառայությունից հետո: Նախորդ զորախումբը ևս Աֆղանստան մեկնելուց առաջ վերապատրաստում է անցել Գերմանիայում:

Ավելացնենք, որ Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում պաշտպանում է երկրի հյուսիսային հատվածում տեղակայված Քունդուզ և Մազարի-Շարիֆ օդանավակայաններն ու դրանց կից ռազմաբազաները, ինչպես նաև մասնակցում է տեղացի զինծառայողների մարզման ծրագրին Տալոկան քաղաքում (OMLT group)։

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Ինչպես և ISAF («Անվտանգության աջակցության միջազգային ուժերի») ծրագրի ժամանակ, Resolute support («Վճռական աջակցություն») ծրագրի շրջանակներում նույնպես Աֆղանստանի ողջ տարածքը բաժանված է 4 հատվածների, որոնցից գերմանական զորախումբը, որի կազմում են ՀՀ ԶՈւ զինծառայողները, հսկում է հյուսիսայինը։

Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

2015թ․ հունիսին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը վերահաստատել է մինչև առաքելության ավարտը 131 հոգանոց զորախմբի սահմաններում Աֆղանստանում ռազմակայանների անվտանգության ապահովում իրականացնող հայկական զորախմբի մասնակցության  վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Աֆղանստան՝ այնտեղ ծառայող ՀՀ ԶՈւ խաղաղապահների ծառայությանը ծանոթանալու նպատակով․ 2010թ․ հուլիսի 24

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Աֆղանստան՝ այնտեղ ծառայող ՀՀ ԶՈւ խաղաղապահների ծառայությանը ծանոթանալու նպատակով․ 2010թ․

Ավելացնենք, որ Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ի նոյեմբերից՝ Լիբանանում:

Միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու շուրջ 10-ամյա փորձը Հայաստանին թույլ է տվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում առաջարկել ստեղծել կազմակերպության խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն, որի հիմք կարող է լինել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը:

One response to “Աֆղանստանում ծառայությունից առաջ ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25–31 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *