ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զորավարժարաններում մեկնարկում են ականազերծման աշխատանքներ

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ինժեներասակրավորային ստորաբաժանումները սկսել են «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանների տարածքի ականազերծումը՝ ամառային ուսումնական փուլի ստուգիչ քննությունների մեկնարկին ընդառաջ։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտնել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը «Ալագյազ» զորավարժարանում. սեպտեմբեր 2014

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը «Ալագյազ» զորավարժարանում. սեպտեմբեր 2014

Հաղորդագրությունում նշվում է, որ ականազերծման աշխատանքների նպատակն է ապահովել զորավարժարաններում զորքերի տեղաշարժի անվտանգությունը՝ մաքրելով դրանց տարածքում հայտնաբերված հրետանային և տանկային արկերը, նռնականետերի նռնակները և այլ միջոցներից արձակված զինամթերքը, որոնք օգտագործվել են ստուգողական պարապմունքների ժամանակ, սակայն, հնարավոր է, չեն պայթել։

Նշվում է, որ ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներն օգտագործելու են նաև վարժեցված շներ։ Ընդհանուր առմամբ ստուգման և ականազերծման է ենթակա ավելի քան 3,5 հազար հա տարածություն։

Հիշեցնենք, որ «Ալագյազ» զորավարժարանում են անցկացվում նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ամենամյա զորավարժությունները, որոնք, որպես կանոն, լինում են սեպտեմբերին։

One response to “ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զորավարժարաններում մեկնարկում են ականազերծման աշխատանքներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *