Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, 2015-ի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 16 և վիրավորման 6 դեպք։ Հայտնի դարձած բոլոր մահացածներն ու վիրավորները եղել են զինված ուժերի զինծառայողներ։ Ըստ մահվան պատճառների՝ 16 կորստից մեկի պատճառը եղել է ավտովթարը, մեկինը՝ հիվանդությունը, մեկի մահվան հանգամանքները ստույգ հայտնի չեն (սպանություն կամ ինքնասպանություն), իսկ մյուս 13-ը եղել են մարտական կորուստներ։

Բաղըև Մյունասիբ Բաղը օղլու

Բաղըև Մյունասիբ Բաղը օղլու

Մարտական կորուստների աճը պայմանավորված է սեպտեմբերի 25-ից գրանցված լարվածությամբ, որն արձանագրվեց առաջնագծում, Պաշտպանության բանակի՝ թիկունքում տեղակայված զորավարժարանի հրետանային կրակի ենթարկվելու հետևանքով և դրան հաջորդած պատժիչ գործողություններով, որն իրականացրեց հայկական կողմը։ Հարկ է նշել, որ ինչպես և նախկինում, այս անգամ ևս Ադրբեջանի ՊՆ-ն փորձեց թաքցնել սեփական շարքերում գրանցված կորուստների իրական թիվը։

Այսպես, սեպտեմբերին հայտնի դարձած 13 մարտական կորստից Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է միայն 5-ի մահվան մասին։ Հայկակակն կողմի պատժիչ գործողությունների արդյունքում Ադրբեջանի սպանված 6 զինծառայողի անուն հրապարակեց Պաշտպանության բանակը, ամսվա ընթացքում գրանցված մարտական ևս 3 կորստի մասին էլ հայտնի դարձավ սոցիալական ցանցերից։

Կորուստներ

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի դիպուկահարի գնդակից սպանվել է 1991-ին ծնված պայմանագրային զինծառայող, ենթասպա Աղաև Ռուսլան Գալիբ օղլուն (Ağayev Ruslan Qalib oğlu)։ Հայտնի է նաև, որ վերջինս ծառայում էր Ղազախում տեղակայված զորամասերից մեկում։

Նույն օրը սոցիալական ցանցերից հայտնի էր դարձել նաև, որ Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, ենթասպա Մամեդովը, ով զինվորական ծառայության էր զորակոչվել Շաքիի շրջանից, մահացել է հիվանդության պատճառով։ Մամեդովի անունը մինչ այս պահը ճշտել չի հաջողվել ։

Հոկտեմբերի 2-ին Ռազմինֆոն հայտնեց սեպտմբերի 1-ին գրանցված մահվան ելքով միջադեպի մասին, որը տեղ չէր գտել ո´չ ադրբեջանական պաշտոնական լրահոսում, ո´չ էլ այլ լրատվամիջոցներում։ Սոցիալական ցանցերից հայթայթած տեղեկությունների համաձայն` Բաղըև Մյունասիբ Բաղը օղլուն (Bağıyev Münasib Bağı oğlu) ծառայում էր Ադրբեջանի Թարթառի շրջանում։ Մահվան պաշտոնական պատճառ նշվել է ինքնասպանությունը, սակայն հարազատները հակված չեն հավատալու այդ վարկածին ու նշում են, որ նա չուներ ծառայողական բնույթի ոչ մի խնդիր և նույնիսկ իշխող դիրք ուներ ծառայակիցների նկատմամբ, ինչը հաստատել են նաև նրա սպաները։

Սեպտեմբերի 4-ին ադրբեջանկան «Հագգըն» լրատվակայքը հայտնեց, որ Մռավի շրջանում հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 19-ամյա Օրուջով Սամիր Դադաշ օղլուն (Orucov Samir Dadaş oğlu)։ Սպանվածը Զարդաբի շրջանի Մահհուսեյին գյուղից էր և զորացրվելու էր 27 օրից։ Հրապարակումից ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձավ Օրուջովի մահվան տեղեկությանը։ Վերջինս, ըստ ՊՆ մամուլի ծառայության, վիրավորվել էր սեպտեմբերի 3-ին՝ «զենքից օգտվելու կանոնների խախտման հետևանքով, ինչից էլ մահացել է»։

Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Ադրբեջանի Լենքորան քաղաքում գրանցվեց ավտովթար, ինչի հետևանքով զոհվեց զինված ուժերի 1 զինծառայող։ Վթարված մեքենայի ղեկին է եղել 1981 թվականին ծնված Մամեդլի Ռամին Գիյամեդդին օղլուն (Məmmədli Ramin Qiyaməddin oğlu), ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Նա ծառայում էր զինված ուժերի զորամասերից մեկում և ուներ ենթասպայի կոչում։

Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակա մարտական դիրքերում (ՀՀ Նոյեմբերյանի շրջան) հայկական կողմի գնդակից սպանվել է ժամկետային զինծառայող, 18-ամյա Ռուսթամով Բալաահմեդ Ֆազիլ օղլուն (Rüstəmov Balaəhməd Fazil oğlu): Սպանվածը զինծառայության էր զորակոչվել 6 ամիս առաջ։ Ադրբեջանական «Ազադլըգ» թերթի կայքը հայտնում էր, որ սպանվածի դիակը բերած զինվորականները նշել են՝ Ռուսթամովը խփվել է հակառակորդի կողմից, սակայն սպանվածի հայրն ասում է, թե որդուն չեն շնորհել շեհիդի կարգավիճակ։ Հարազատները հակված են հավատալու, որ Բալաահմեդին սպանել են իր ծառայակիցները։

Սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայկական զինված ուժերի կիրառած 82 մմ ականանետի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն (Məmmədov Elşən Vaqif oğlu)։ Մամեդովին հուղարկավորեցին սեպտեմբերի 28-ին՝ Վրաստանի Բոլնիսի շրջանի հայրական Զոլ Գյուվեջ գյուղում, որտեղ նա բնակվում էր մինչ բանակ զորակոչվելը։ Հուղարկավորությանը ներկա էին նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչներն ու ռազմական կցորդը։

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին և 28-ի լույս գիշերը մարտեր են ընթացել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում, ինչի հետևանքով «ադրբեջանական բանակն ունի 3 սպանված»։ Հրապարակվել էին նաև նրանց անունները.

  • Վալիև Ռաուֆ Ֆախրեդիդն օղլուն (Vəliyev Rauf Fəxrəddin oğlu),
  • Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլուն (Mustafazadə Zöhrab Namiq oğlu),
  • Ահմադզադե Նարիման Իսֆենդիյար օղլուն (Əhmədzadə Nəriman İspəndiyar oğlu, կարճ նշվում է նաև Neman)

Նշենք, սակայն, որ հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում սպանվածների իրական թիվը եղել է ավելի մեծ, ինչի մասին վկայում են նաև դրան հաջորդած իրադարձությունները։

Զոհված զինծառայող Զյոհրաբ Մուսթաֆազադեի մայրը՝ որդու նկարը ձեռքին

Զոհված զինծառայող Զյոհրաբ Մուսթաֆազադեի մայրը՝ որդու նկարը ձեռքին

Սեպտեմբերի 29-ին Պաշտպանության բանակը տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին, բացի հայտարարված 3 կորուստը, ունեցել է առնվազն ևս 6 կորուստ։ Հաղորդագրությունում ներկայացված էին նրանց անունները և զորակոչման ամսաթվերը.

  • Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015),
  • Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015),
  • Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014),
  • Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյյուբով (զորակոչվել է 08.12.2014),
  • Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014),
  • Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014):

Ադրբեջանի ՊՆ-ն այս տեղեկությունը հերքեց՝ նշելով, թե նման անուններով զինծառայողներ զինված ուժերում չկան։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 30-ին Արցախի խորհրդարանում Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, նշեց, որ Ադրբեջանը հայտարարված կորուստներից բացի անցնող օրերին ունեցել է ևս 11–12 կորուստ, որոնց մասին տեղեկությունները դեռևս ամբողջական չեն։

Ամփոփելով սեպտեմբերի կորուստների բաժինը նշենք, որ, սեպտեմբերի 26-ին Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հայտնեց, թե հայկական կողմի հրետակոծության հետևանքով Աղդամի Բահարլը բնակավայրի բնակիչ, 1975-ին ծնված Բաղըրով Բեհրամ Գարախան օղլուն (Bağırov Bəhram Qaraxan oğlu) ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Նշենք, սակայն, որ ադրբեջանական «ԱՆՍ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում երևում է, թե ինչպես են զինվորականները սպանվածի դին տեղադրում ռազմաբժշկական ծառայության մեքենայի մեջ:

Նույիսկ եթե ընդունենք, թե Բաղըրովին տեղափոխել են զինվորական մեքենայով՝ խուլ բնակավայրում քաղաքացիական շտապ օգնության մեքենայի բացակայության պատճառով, միևնույնն է, անպատասխան է մնում հարցը, թե ինչու են սպանված քաղաքացիականի տեղափոխմանը մասնակցում զինվորականներ, որոնք, ըստ տեսանյութի կադրերի, առնվազն 5-ն են։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Բեհրամ Բաղըրովը, հնարավոր է, եղել է զինվորական և Ադրբեջանի կողմից ներկայացվում է որպես սպանված քաղաքացիական։

Վիրավորներ

Սեպտեմբերի 3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից Ռազմինֆոյին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի լույս 1-ի գիշերը, ենթադրաբար Արցախի սահմաններին, Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի խումբը դիվերսիայի փորձ է ձեռնարկել, սակայն այն ձախողվել է դեռևս միջդիրքային գոտում։ Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար, սպա Անար Մամեդովը միջդիրքային գոտում պայթել էր ականի վրա՝ կորցնելով ձախ ձեռքը։ Հայտնի է նաև, որ միջադեպի արդյունքում ծանր վիրավորվել էր նույն հետախուզադիվերսիոն խմբի առնվազն ևս մեկ անդամ։

Հաշմանդամ դարձած հետախույզ Անար Մամեդովը

Հաշմանդամ դարձած հետախույզ Անար Մամեդովը

Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Լենքորանում գրանցված վերոնշյալ ավտովթարի ժամանակ, որի հետևանքով մահացել էր 1 զինծառայող, վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել նաև նրա ծառայակիցը՝ 1990-ին ծնված Ումիդով Ռասիմ Նովրուզ օղլուն (Ümidov Rasim Novruz oğlu), ով ևս եղել է վթարված մեքենայի մեջ։

Սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի ՊՆ-ն, պաշտոնապես հայտնելով հայկական զինված ուժերի կիրառած 82 մմ ականանետի կրակոցից սպանած զինծառյող Մամեդով Էլշան Վագիֆ օղլուի մասին, հավելել էր նաև, որ նույն միջադեպի ընթացքում ևս 3 զինծառայող ստացել են բեկորային վնասվածքներ։

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։

One response to “Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *