Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամասեր

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանը սովորական սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգում Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեսչական խումբն այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Հայաստան ժամանած տեսչական խումբը

Հայաստան ժամանած տեսչական խումբը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տեսուչները ցանկացել են լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորները։

Հոկտեմբերի 1-ին բազմազգ տեսչական խումբն այցելել է նաև ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը: Խմբի անդամները հանդիպել են զորավարժության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, եղել են զորավարժության ուսումնական կետերում, զրուցել մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի և փոխդեսպան Նիկոլա Ֆայի հետ: Հանդիպման ընթացքում Տոնոյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը:

Վիեննայի 2011 թվականի Փաստաթղթի մասին

Սպառազինություների վերահսկման, զինաթափման եւ անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող ԵԱՀԿ հիմնական կառույցներն են Անվտանգության համագործակցության ֆորումը և Հակամարտությունների կանխարգելման կենտրոնը:
Անվտանգության համագործակցության Ֆորումի գործունեության ոլորտը ներառում է 2011թ. Վիեննայի փաստաթուղթը, ԵԱՀԿ Անվտանգության ռազմաքաղաքական վարքի կանոնակարգը, Ռազմական տեղեկատվության համընդհանուր փոխանակման մասին փաստաթուղթը, ինչպես նաև հակահետևակային ականներին, փոքր սպառազինություններին և թեթև զինատեսակներին միջնորդության ազգային կարողությանը, զինաթափման վերահսկման, արտահանման վերահսկմանը վերաբերող համագործակցության հարցերը: Այդ ամենը ենթադրում է համապատասխան տեղեկատվության ամենամյա փոխանակում, իսկ Վիեննայի փաստաթղթի պարագայում, անդամ պետությունների կողմից իրենց պարտավորությունների կատարումը ստուգելու համար յուրաքանչյուր երկրի կողմից մյուս անդամ երկրների տեսչական խմբերի և գնահատման այցերի ընդունման պարտավորություն: Այսպես, յուրաքանչյուր տարի Հայաստանը Վիեննայի փաստաթղթի շրջանակներում ընդունոմ է 3 տեսչական և մեկ գնահատման այց:

One response to “Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամասեր

  1. Pingback: Թուրքիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *