Հայաստանը պատրաստելու է 2 մասնագիտացված ստորաբաժանում՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների համար

ՀՀ ՊՆ առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը հայաստանյան Panorama.am լրատվակայքի խնդրանքով մեկնաբանել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ խաղաղապահների առաջիկա անելիքների մասին խոսքերը:

Կոսովոյի խաղաղապահ առաքելությանից վերադարձած հայկական ստորաբաժանումը «Զվարթնոց» օդանավակայանում

Կոսովոյի խաղաղապահ առաքելությանից վերադարձած հայկական ստորաբաժանումը «Զվարթնոց» օդանավակայանում

Փոխնախարար Տոնոյանը հայտնել է, որ ելնելով Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ գործողությունների շուրջ 10-ամյա փորձից՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Սա է նաև պատճառը, որ Հայաստանը ընդգրկվել է մոտ չորս տասնյակ երկրների ցանկում, որոնք հրավիրվել են գագաթաժողովին:

Տոնոյանի խոսքով՝ այս պահին աշխարհի տարբեր մասերում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ներգրավված են մոտ 120 երկրներից 100.000 ավելի խաղաղապահներ, որոշ երկրներ տրամադրում են մի քանի հազար խաղաղապահների, սակայն շատ քիչ երկրներ են կարող տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ:

ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը միջազգային չափորոշիչներով ԴԵՐ2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է, այն շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ է, որը տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն, խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումը անցնելու նպատակով:

Համակարգն ունի վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ: Այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ 2007 թվականին տրամադրած ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա:

Երկրորդ ստորաբաժանումը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն է, որն այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով:

Գումարտակի անձնակազմն իր հերթին անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:

Ստորաբաժանումների պատրաստման աշխատանքները Հայաստանը նախատեսում է ավարտել 2-3 տարվա ընթացքում:

Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի միջազգային գործընկերների աջակցությամբ, տեխնիկական վերազինման խնդրի լուծման հարցում նույնպես ակնկալվում է գործընկերների աջակցությունը:

Առաջին փուլում նախատեսվում է վերապատրաստել գնահատվող անձնակազմին, այնուհետև մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների: Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից:

Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի:

Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:

3 responses to “Հայաստանը պատրաստելու է 2 մասնագիտացված ստորաբաժանում՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ստորաբաժանումը Գերմանիայում մասնակցում է բազմազգ զորավարժության | Ռազմ.info

  3. Pingback: Հայ խաղաղապահները ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներ են անցնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *