ՀՀ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժության մասին

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, ինչը նախատեսված է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված համապատասխան որոշմամբ։

Զորավարժության թեման է «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ.

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ.

Զորավարժություններին կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ստորաբաժանումները և ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։

«Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերի գործողությունների ներդաշնակմանը և փոխգործակցելիության ամրապնդմանը` խաղաղապահ գործողության ընթացքում առաջադրված խնդիրների արդյունավետ կատարման նպատակով։

Զորավարժությունների առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և խաղաղապահ գործողության անցկացման մանդատի ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձի ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցություններ վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողություններ զարգացման խնդիրներ։

Նշենք, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղրղզստանում, 2013-ին՝ Ռուսաստանում, 2012-ին՝ Ղազախստանում:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կազմված են ՀԱՊԿ անդամ 6 պետոթյունների զինված ուժերի ստորաբաժանումներից, ունեն ընդհանուր մոտ 3500 զինծառայող: Բացի հավաքական խաղաղապահ ուժերից, ՀԱՊԿ կազմում գործում են նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ՀԱՊԿ տարածքից դուրս կիրառվելու մանդատ չունեն: Ներկայում ընթացքի մեջ է նաև ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման գործընթացը, որի նպատակն է հեշտացնել ՀԱՊԿ հավաքական ուժերի տեղափոխումները, սպառազինությունների մատակարարումը և այլն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *