Սպանվել է Տավուշի մարզի զինվորական կոմիսարը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23։10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դերենիկ Անուշավանի Պապյանը՝ մահացած։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի զինվորական կոմիսար Դ.Պապյանին մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է 2015թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին՝ գյուղապետարանի վարչական շենքից 100մ հեռավորության վրա, համագյուղացու կողմից։

Նախնական քննության տվյալներով՝ Դ.Պապյանը դիտողություն է արել համագյուղացի, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ա.Մկրտումյանին՝ անվայել պահվածքի համար, ինչից վրդովված վերջինս վերցրել է որսորդական հրացանը և կրակել Դ.Պապյանի վրա։

Դեպքի առթիվ 19.09.2015թ. հարուցվել է քրեական գործ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հրացանը՝ կրակված պարկուճների հետ միասին:

Ա.Մկրտումյանը ձերբակալվել է: Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

One response to “Սպանվել է Տավուշի մարզի զինվորական կոմիսարը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *