Վրաստանի «Դելտա» կենտրոնի հակակարկտային կայանի արկն ընկել է բնակելի տան վրա՝ հրդեհելով այն

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Վրաստանի Կախեթի շրջանի Կաբելի գյուղում երբ «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները կարկտաբեր ամպի ուղղությամբ կրակել են հակակարկտային կայանից, արկն ընկել է գյուղի տներից մեկի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վնասվել է տան տանիքն ու պատը։

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «գերատեսչությունը ցնցված է կատարվածից։ Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ուրիշի ունեցվածքը վնասելու փաստով։ ՊՆ-ն հավաստիացնում է, որ ամբողջությամբ կփոխհատուցի «Դելտայի» պատճառած վնասը»։

Իրենց հերթին «Դելտայում» նշում են, որ «արկը շարքից դուրս է եկել տեխնիկական ինչ-որ անհասկանալի պատճառներով, և միջադեպը կախված չի գիտահետազոտական կենտրոնի աշխատանքից, քանի որ այդ արկերը կենտրոնը գնում է Մակեդոնիայից»,—հաղորդում է վրաստանյան «Կվիրա» վերլուծական պորտալը։

Հարկ է նշել, որ այս տարվա հունիսի 9-ի «Դելտայի» տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նախատեսում են ամռան վերջին սկսել հակակարկտային կայանների համար հրթիռների արտադրություն։ Վերջինս հավաստիացրել էր, որ «Դելտան» նախագծել է ամբողջ համակարգը և միայն մնում է սկսել արտադրել։

Նշենք, որ հակակարկտային կենտրոնը Վրաստանի Կախեթի շրջանում տեղադրվել է 2015 թվականի գարնանը։ Վրաստանյան կողմը նշում է, որ կայանները կարողանում են հայտնաբերել և վաղ շրջանում վերահսկել կարկտաբեր ամպերը։ Կախեթիի տարբեր հատվածներում այդպիսի կայաններ արդեն տեղադրված են։
Հատկանշական է, որ կայանների տեղադրման ընթացքը համընկավ Վրաստանում անձրևային շրջանների հետ, այդ թվում՝ Թբիլիսիում ջրհեղեղի հետ (հունիսի 13)։ Այդ ժամանակ քննարկվում էր, որ հորդառատ անձրևների և առաջացած խնդիրների պատճառը հակակարկտային կայանն է։ «Դելտայում» պատասխանեցին այս քննարկումներին՝ նշելով, որ իրենք կարող են վերահսկել կարկտաբեր ամպերը միայն վաղ շրջանում, իսկ կայանի կրակելուց հետո միայն անձրև է տեղում։

Ավելի ուշ՝ օգոստոսի 4-ին, վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրատվական թողարակման ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտնել էր, որ դժգոհ է «Դելտայի» աշխատանքներից, մասնավորապես, «Դիդգորի» զրահամեքենաներից ու նշել, որ բանակցում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնում դիտորդների խորհուրդ նշանակելու կապակցությամբ։

Տեղեկացնենք, որ հենց «Դիդգորին» է օգտագործվում հակակարկտային կայանների արձակման կայանների համար։

2 responses to “Վրաստանի «Դելտա» կենտրոնի հակակարկտային կայանի արկն ընկել է բնակելի տան վրա՝ հրդեհելով այն

  1. Pingback: Վրաստանում ամփոփել են «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի այս տարվա աշխատանքը | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանը հակակարկտային կայաններ է վաճառում Մոլդովային | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *