Եմենի վտարանդի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հետ է վերադառնում երկիր

Եմենի վարչապետ Խալեդ Բահահը մի քանի ամսվա վտարանդությունից հետո՝ սեպտեմբերի 16-ին, վերադարձել է երկրի մայրաքաղաք Ադեն։ Վերջինս հութիների՝ դեռևս փետրվարից սկսված ապստամբության պատճառով լքել էր մշտական նստավայր, մայրաքաղաք Սանան ու ապաստանել Արաբական ծոցի դաշնակից պետությունների մոտ։Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Եմենի վտարված կառավարությանը հավատարիմ զինծառայողներ, ովքեր հութիներից հետ են վերցրել Ադենը

Եմենի վտարված կառավարությանը հավատարիմ զինծառայողներ, ովքեր հութիներից հետ են վերցրել Ադենը

Եմենի կառավարության խոսնակ Ռաջեհ Բադին հայտարարել է, որ Բահահին վերադարձի ժամանակ ուղեկցել են 6 նախարար։ «Վարչապետ Խալեդ Բահահն ու նրան ուղեկցած նախարարները Ադենում են՝ մշտապես մնալու նպատակով»,- հավելել է Բադին։

Նշենք, որ մարտին ապստամբների ձեռքն անցած Ադենը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային հաջողվել է հետ վերցնել հուլիսի 14-ին, որից հետո Սաուդյան Արաբիայում ապաստանած 7 նախարար վերադարձել է Եմեն: Քաղաքը հութիներից հետ վերցնելուց հետո դեռևս օգոստոսին 1-ին առաջին անգամ Ադեն էր ժամանել նաև վարչապետ Բահահը՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Հիշեցնենք, որ փետրվարին հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ապաստանել էր սկզբում երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվել էր գրավել նաև այդ քաղաքը, և Հադին լքել էր երկիրն ու հաստատվել հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Սրան հաջորդել է Եմենի արտգործնախարարի՝ Պարսից ծոցի երկրներին ուղղված կոչը՝ ռազմական միջամտությամբ շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը կանխելու վերաբերյալ: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, որից հետո Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկիր Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել այդ երկրում։

Գործողություններին մասնակցում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային ներկայում հաջողվել է բավականին հետ մղել հութիներին, մարտերը շարունակվում են մայրաքաղաք Սանային հարակից Մարիբ նահանգի մոտակայքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *