Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 17

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 17-ին՝ 17։15-ի դրությամբ, սպանվել է 2, վիրավորվել՝ 2 ուժային, սպանվել է PKK-ի 32 զինյալ, ձերբակալվել է 31 մարդ, մի քանի գավառներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Դողան․ Թուրքիայի Վան քաղաքի Քարշըյաքա, Յենի Մահալե և Շաբանիյե թաղամասերում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել։

Դողան․ Թուրքիայի Քիլիս նահանգում անվտանգության ուժերը խուզարկել են գյուլենական երկու դպրոց։

Միլիեթ․ Թուրքիայի Մուշ նահանգի Վալիլիք և Վարթո շրջանները մինչև սեպտեմբերի 29-ը «հատուկ անվտանգության գոտի» են հայտարարվել։

Աքշամ․ Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի նահանգապետ Ալի Իհսան Սուն հայտարարել է, որ սեպտեմբերի 4-ին հայտարարված և 8 օր տևած պարետային ժամի ընթացքում հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է PKK-ի 17 զինյալ։ Նահանգապետի խոսքերով՝ անվտանգության ուժերը ոչնչացրել 1150 կգ պայթուցիկ նյութեր, կանխարգելել են 39 պայթյուն, 45 խրամատ են քանդել, հրազեն և այլ տեսակի զինամթերք են առգրավել։

Դողան․ Թուրքիայի արևելյան Վան նահանգի Իփեքյոլու շրջանի Բոստանիչի թաղամասում PKK-ի զինյալները տարրական դպրոց են հրկիզել։

PKK-ի զինյալները պայթյուն են իրականացրել Դիարբեքիր-Սիլվան ճանապարհին․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալները պայթյուն են իրականացրել Դիարբեքիր-Սիլվան ճանապարհին․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի արևելյան Դիարբեքիր նահանգում՝ դեպի Սիլվան տանող ճանապարհին, PKK-ի զինյալները պայթյուն են իրականացրել։ Ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված ռումբը պայթել է Գաֆֆան Օքքանի անվան ոստիկանական բարձրագույն դպրոցի սաներին տեղափոխող ավտոբուսի՝ ճանապարհի այդ հատվածն անցնելուց անմիջապես հետո։ Պայթյունի հետևանքով ճանապարհին 2 մետրանոց փոս է առաջացել։


Անադոլու․ Թուրքիայի ՆԳՆ-ի ընդունած որոշման համաձայն՝ պաշտոնից հեռացվել է հարավարևելյան Վան նահանգի Էդրեմիթ գավառի համանուն քաղաքի քաղաքապետ Սեվիլ Ռոժբին Չեթինը։ Նա մեղադրվում է քաղաքում ինքնակառավարում հայտարարելու ու դրանով երկրի միասնականությունը խախտելու համար։

Դողան․ Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի Օվաջըք գավառի Ասլըջա և Օթլուբահչե գյուղերի շրջանում շարունակվում են PKK-ի զինյալների դեմ երեկվանից սկսված հատուկ գործողությունները։ Անօդաչու թռչող սարքերը հայտնաբերել են PKK-ի զինյալների 50-հոգանոց խմբի գտնվելու վայրը, որից հետո օդ բարձրացված կործանիչները ռմբակոծել են PKK-ի դիրքերը։ Նահանգ են տեղափոխվել նաև ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատներ։ Գործողություններին մասնակցել են «Կոբրա» (Bell AH-1) հարվածային ուղղաթիռներ։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Մուշ նահանգի Հասքյոյ գավառում շրջվել է Բիթլիսից Մուշի օդանավակայան գնացող ոստիկանության հատուկ նշանակության ուժերի զրահամեքենա։ Վթարի հետևանքով զոհվել է 2 ոստիկան, ևս 2-ը վիրավորվել են և հոսպիտալացվել։

Իհլաս․ Սեպտեմբերի 16-ին PKK-ի զինյալները նռնականետերով և հրազենով հարձակվել են Աղրը նահանգի Դողուբայազետ գավառի Բույուքաղրը շրջանում գտնվող բանտի վրա։ Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նույն գավառի Մերյամանա պողոտայում ժանդարմերիայի նախկին շենքի առջև հայտնաբերված կասկածելի փաթեթը տարվել է ոստիկանություն։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր, Սուրուչ, Բիրեջիք և Ջեյլանփընար գավառներում և Շանլըուրֆա քաղաքում PKK-ի զինյալների և նրա երիտասարդական թևի (YDG-H) դեմ ժանդարմերիայի իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 24 մարդ։ Նրանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են զենքեր և կազմակերպությանը վերաբերող փաստաթղթեր։

Դողան․ Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգում PKK-ի զինյալները կրակել են բանտերից մեկի վրա։ Հերթապահություն իրականացնող ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զիյալները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։

Անադոլու․ Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Սեյհան գավառին կից Գյուլբահչեսի, Բարբարոս, Դենիզլի և այլ շրջաններում PKK-ի զինյալների դեմ ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 մարդ։ Նրանց բնակարաններում խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են մեծ թվով զենք և զինամթերք, PKK-ին վերաբերող փաստաթղթեր։

Բիթլիսի մի քանի գավառներում հայտարարվել է ռազմական արտակարգ դրություն

Բիթլիսի մի քանի գավառներում հայտարարվել է ռազմական արտակարգ դրություն

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի նահանգապետարանը PKK-ի զինյալների դեմ պայքարելու նպատակով 4 գավառ և նահանգի կենտրոնը մինչև 2016 թ-ի մարտի 1-ը հայտարարել է ժամանակավոր ռազմական անվտանգություն գոտիններ։ Դրանք գտնվելու են նահանգի ժանդարմերիայի վերահսկողության ներքո։


Իհլաս․ Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ԶՈւ-ն հյուսիսարևելյան և հարավարևելյան մի քանի նահանգներում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկել է ցամաքային և օդային գործողություններ, որոնց մասնակցել են նաև ուղղաթիռներ։ Հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 32 զինյալ, որոնցից 17-ը՝ Թունջելի-էրզինջան շրջաններում, 1-ը՝ Վանում, 5-ը՝ Հաքքարիում, 9-ը՝ Սիիրթում։

Անադոլու․ Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Փիյալեփաշա պողոտայում դիմակավորված 3 անձ կանգնեցերել են Շիշլիից-Յենիքափը գնացող ավտոբուսը, իջեցրել ուղևորներին և բռնկվող նյութերով շշեր («Մոլոտովի կոկտեյլներ») նետել ավտոբուսի վրա։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր։

 
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 17

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *