Սեյրան Օհանյանը ներկա է եղել «Մարտական ընկերակցություն 2015» զորավարժության ակտիվ փուլին

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգերի «Մարտական ընկերակցություն 2015» զորավարժության եզրափակիչ փուլում արձակվել է ավելի քան 40 զենիթային կառավարվող հրթիռ, որոնք խոցել են պայմանական թշնամու 21 օդային թիրախ։ Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, սեպտեմեբերի 10-ին հայտարարել է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Վարժանքների ժամանակ, որին մասնակցում են նաև հայաստանցի զինծառայողները, կիրառվել են Ս-400 և Ս-300 զենիթահրթիռային համակարգեր ու «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ։ Բոնդարևը նաև հավելել է, որ սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի «Աշուլուկ» և Ղազախստանի «Սարի-Շագան» զորավարժարաններում մեկնարկած «Մարտական ընկերակցություն 2015» զորավարժությանը մասնակցում է մոտ 4000 զինծառայող և ավելի քան 100 ռազմական ինքնաթիռ ու 10-ից ավելի տարբեր զենիթահրթիռային համակարգեր ու համալիրներ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը,  այսօր՝ սեպտեմբերի 10-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլին:

Հավելենք, որ այս զորավաժությանը մասնակցում է ԱՊՀ 6 երկիր՝  Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը ևՂազախստանը (Այս երկրները միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ 6 պետություններն են), իսկ կազմակերպության մյուս անդամները զորավաժությունում ընդգրկված են որպես դիտորդ։

Զորավարժությանը մասնակցող հայաստանյան զորախումբը

Զորավարժությանը մասնակցող հայաստանյան զորախումբը

Հիշեցնենք, որ «Մարտական համագործակցություն-2015» զորավարժության նախնական փուլը սկսվել է դեռևս օգոստոսի կեսերին: Սեպտեմբերի 4-ին  Հայաստանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը հասել է զորավարժության անցկացման վայր՝ դրա ակտիվ փուլին մասնակցելու համար:

Ավելացնենք, որ ԱՊՀ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի զորավարժություններ անցկացվել են նաև նախկինում: Մասնավորապես 2014 թվականին նույնպես Հայաստանը մասնակցել է զորավարժությանը, իսկ 2013թ-ին ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ են հետևել վարժանքներին։

Նշենք, որ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995 թվականին ԱՊՀ մի քանի պետությունների կնքած պայմանագրով: Նպատակը մասնակից երկրների օդային տարածքի կոլեկտիվ պաշտպանությունն ապահովելն է: Ներկայում համակարգի մաս են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը, որոնք միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ 6 պետություններն են:

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը բաղկացած է ավելի քան 80 բաղադրիչից, որի մեջ մտնում են 21 ինքնաթիռ, 41 միավոր զենիթահրթիռային համալիր, 21 միավոր ռադար և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 առանձին գումարտակ: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես ԱՊՀ անդամ պետություների միացյալ ՀՕՊ համակարգի կազմում է։

One response to “Սեյրան Օհանյանը ներկա է եղել «Մարտական ընկերակցություն 2015» զորավարժության ակտիվ փուլին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *