Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, 2015-ի օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 4-ն էլ զինված ուժերի զինծառայողներ էին  և սպանվել են հայկական կողմի գնդակից։

Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուի հուղարկավորությունը

Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուի հուղարկավորությունը

Հարկ է նշել նաև, որ արձանագրված 4 կորուստներից Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել ոչ մեկի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը շփման գծի Ֆիզուլու հատվածում հայկական գնդակից սպանվել է Շաքիից զորակոչված ժամկետային զինծառայող Իսմայիլով Սարխանը (İsmayılov Sərxan)։ Ադրբեջանի պաշտոնական լրահոսում չի նշվել այս մասին։

Օգոստոսի 11-ին Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ արևահարումից մահացել է Շահբուզի շրջանում (Նախիջևան) տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անար Մամեդովը (Anar Məmmədov)։ Տեղեկություննն այս կորստի մասին ևս ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։

Օգոստոսի 14-ին Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում մահացել է դրանից դեռևս 3 օր առաջ Աղդամի հատվածում հայկական գնդակից հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլուն (Osmanov İbrahim İsmayil oğlu)։ Ավելի ուշ Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ ենթասպա Օսմանովը դիպուկահար էր, դիպուկահարային դասակի հրամանատար, ինչը խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ նա սպանվել է Պաշտպանության բանակի կանխարգելիչ գործողությունների արդյունքում։  Այս կորստի մասին նույնպես չի նշվել Ադրբեջանի պաշտոնական լրահոսում։

Օգոստոսի 20-ին հայտնի է դարձել, որ հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, Սիյազանի շրջանի Դաղ-Գուշչու գյուղում ծնված Շահքերեմով Աղադադաշ Շահքերեմ օղլուն (Şahkərəmov Ağadadaş Şahkərəm oğlu)։ Սպանվածին հուղարկավորել են օգոստոսի 19-ին։ Ադրբեջանի պաշտոնական լրահոսը լռել է նաև այս կորստի մասին։


Սեպտեմբերի 3-ին Ռազմինֆոն հայտնել էր, որ օգոստոսի 28-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկում հրազենային վիրավորումից սպանվել է 1991-ին ծնված Օրխան Յագուբովը։ Ավելի ուշ հրապարակվել էր որպես սպանված Յագուբով ներկայացվող անձի լուսանկարը՝ ձեռքին պահված այդ օրվա ամսաթիվը։ Իսկ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել և հերքել իր զինծառայողի մահվան լուրը։

Ադրբեջանական կողմը, սակայն, սրանով անուղղակիորեն հաստատել է այն բոլոր կորուստները, որոնց մասին հերքում չի ներկայացրել։

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։

2 responses to “Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *