Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 2

Հուլիսի 20-ից Թուրքիայի հարավային, հարավարևելյան և արևելյան՝ հիմնականում քրդաբնակ շրջաններում հաճախակի բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի իշխանությունների միջև:


Զաման. PKK զինյալներն այսօր երեկոյան՝ 20:15-ին, հարձակվել են Թուրքիայի կենտրոնական Էլազըղ նահանգի Քարաքոչան գավառի ճանապարհային անվտանգության ծառայության կայանի վրա: Կրակոցներից վիրավորվել է 2 ոստիկան, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել: Վիրավորներին արդեն հոսպիտալացրել են: Ներկայում գործողություններ են իրականացվում՝ զինյալներին բռնելու համար: Փակված են գավառից դուրս եկող բոլոր ճանապարհները:

Դողան. Թուրքիայի արևելյան Էրզրումի նահանգի Քըրըմքայա գյուղում ձերբակալվել է օգոստոսի 19-ին մահացած զինվոր Ռեջեփ Բեյջուրի ազգականներից Քազըմ Իփեքը: Զինվորը սպանվել էր PKK-ի մարտիկների կողմից Սիիրթ նահանգի Սիրվան և Փերվարի գավառների միջև ընկած ճանապարհի վրա կազմակերպված պայթյունի հետևանքով: Քազըմ Իփեքը մեղադրվում է Թուրքիայի նախագահ Էրդողանին վիրավորելու համար, բայց նա հերքում է առաջադրված մեղադրանքները:

Դողան. PKK-ի մարտիկները հարձակվել են Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Դերեջիկ գյուղի Յեշիլովա թաղամասի սահմանային ոստիկանության և Ումուրլուի 34-րդ սահմանային գումարտակի վրա: Զինվորները պատասխան կրակել են PKK-ի զինյալների ուղղությամբ: Զոհեր և վիրավորներ չկան:

Դեյլի Սաբահ. Ստամբուլի ոստիկանությունը Ուսկյուդար թաղամասի ընկերություններից (անունը չի նշվում) մեկում հակաահաբեկչական պայքարի պատճառաբանությամբ իրականացրած խուզարկության արդյունքում ձերբակալել է 17 մարդ: Նրանք մեղադրվում են բարեգործական ընկերության անվան տակ գյուլենականներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Խուզարկության ժամանակ առգրավվել են մեծ թվով փաստաթղթեր:

Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք քաղաքի Զեյթինփընար թաղամասում PKK-ի մարտիկները պայթեցրել են ոստիկանական մեքենա: Պայթյունի հետևանքով վիրավովել է 2 ոստիկան: Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Անադոլու. PKK-ի մարտիկները Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում պայթեցրել են 2 կամուրջներ, որոնք իրար են կապում Քոնուր, Ուղուրչան, Ակթյութուն և Յեշիլբայըր Դերեյանը գյուղերը: Պայթյունների հետևանքով կամուրջները շարքից հանվել են, զոհեր և վիրավորներ չեն եղել:

Թուրքիայում բաց են թողել գյուլենականների հետ կապված «Կիոզա Իփեք» ընկերության ավելի վաղ ձերբակալված 7 աշխատակիցներին:


Իհլաս․ Թուրքիայի Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանում անվտանգության ուժերը Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի քաղաքացի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 12 անդամ են ձերբակալել։

Իհլաս․ Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի Իգդիր նահանգում ոստիկանների հետ բախման ընթացքում վիրավորված PKK-ի մեկ զինյալ է զոհվել։

Իհլաս․ Թուրքիայի Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանում PKK-ի զինյալները գավառի ժանդարմներիայի համար հաց տեղափոխող մեքենա են այրել։ Զինյալներին բռնելու համար հատուկ գործողություն է սկսվել:

Անադոլու․ Թուրքիայի Հաքքարի նահանգում թուրքական օդուժը F-16 կործանիչ ինքնաթիռներով PKK-ի 20 զինյալ է «շարքից հանել»։

Դողան․ Թուրքիայի Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանում Սիրիայից Թուրքիա անցած՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 5 անդամ է բռնվել։

Անադոլու․ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին մի շարք զագացումներ։ Նիստին մասնակցել են Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հուլուսի Աքարը, վարչապետի օգնականներ Ջեվդեք Յըլմազը և Թուղրուլ Թյուրքեշը, Ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքը, արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, օդուժի հրամանատար Աբիդին Ունալը և ժամդարմերիայի գլխավոր հրամանատար, գեներալ Գալիփ Մենդին։

Սաբահ․ Թուրքիայի ՆԳ նախարար Սելամի Ալթընօքը հայտարարել է, որ հանդուրժողականություն չի դրսևորելու երկիրն ապակայունացնող «ահաբեկիչների» նկատմամբ։

«Անհրաժեշտության դեպքում մենք դաժանորեն կջարդենք նրանց գլուխները»․— ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։


Անադոլու․ Թուրքիայի Շըրնաք նահանգում թուրք ժանդարմների և PKK-ի զինյալների բախման արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ սերժանտ։

Հաբերել․ PKK զինյալները հարձակվել են Թուրքիայի Բիթլիս-Դիարբեքիր մայրուղու 40-րդ կմ-ին գտնվող ժանդամերիայի կայանի վրա։ Փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորել է զինծառայող, ում հոսպիտալացրել են։ Հարձակման կազմակերպիչներին գտնելու նպատակով լայնամասշտաբ գործողություն է սկսվել։

Անադոլու․ Անկարայում՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նստավայրում, անցկացվել է Թուքրիայի ազգային անվտանգության խորհրդի նախապատրաստական ժողովը։ Մեկ ժամ տևած ժողովին ներկա են եղել ԱԱԽ-ի անդամներ, այդ թվում՝ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը և վարչապետի խորհրդական Քեմալ Մադենօղլուն։

Բուգյուն․ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում PKK-ի զինյալները կրակել են ոստիկանական մեքենայի ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ ոստիկան ու զինյալ է սպանվել։ Հարձակվողներից մեկը ձերբակալվել է, մյուսին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։

Իհլաս․ Ստամբուլի ոստիկանության իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի երիտասարդական կառույց «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) 3 անդամ։ Ոստիկանությունն առգրավել է մեկ որսորդական հրացան և մի շարք փաստաթղթեր։

Անադոլու․ Թուրքիայի հարավային Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում PKK-ի զինյալներն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» երկու անդամ են առևանգել։

Անադոլու. Սեպտեմբերի 1-ին Անկարայի ոստիկանության՝ հակաահաբեկչական պայքարի պատճառաբանությամբ իրականացրած խուզարկության արդյունքում ձերբակալվել է երկրի նախագահ Էրդողանի նախկին դաշնակից, ներկայիս ախոյան, ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի աջակից «Կիոզա Իփեք» հոլդինգի 7 աշխատակից։ Որոշվել է ձերբակալել նաև հոլդինգի նախագահ Աքին Իփեքին, ով վերոնշյալ գործողությունից երկու օր առաջ՝ օգոստոսի 30-ին, սեփական ինքնաթիռով մեկնել է Լոնդոն։ Խուզարկության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր ու համակարգիչներ։ Մեդիա ոլորտից հոլդինգի կազմում են «Բուգյուն» և «Միլլեթ» թերթերը, «Բուգյուն» և «Քանալթյուրք» հեռուստաընկերությունները։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք. Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի-Թեքելի ճանապարհին PKK-ի զինյալները հարձակվել են ճանապարհին ստուգումներ իրականացնող զինծառայողների վրա։ Վերջիններս պատասխան կրակել են PKK-ի մարտիկների վրա։ Փոխհրաձգության ընթացքում սպանվել է 1 զինծառայող, ևս 2-ը՝ վիրավորվել։ Օդ է բարձրացվել 2 միավոր F-16 կործանիչ, որոնք ոչնչացրել են հարձակվողների ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրների դիրքեր։ Զինյալներին հայտնաբերելու հատուկ գործողություններին մասնակցում են նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։

Միլլիյեթ. Իզմիրի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Իզմիրի Քոնակ գավառի Կոսովա թաղամասում,  ձերբակալել է 2 հոգի՝ PKK-ի անդամ լինելու մեղադրանքով։

Դողան. Սեպտեմբերի 1-ին PKK-ի մարտիկները միաժամանակ հարձակվել են Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի վարչական կենտրոնի և ժանդարմերիայի վրա։ Թուրքիայի ուժայինները պատասխան կրակել են։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Ստամբուլի մի քանի թաղամասում ոստիկանությունը PKK-ի անդամների դեմ ձեռնարկել է հատուկ գործողություններ, լուսանկարը՝ «Դողան» լրատվական գործակալության։

Ստամբուլի մի քանի թաղամասում ոստիկանությունը PKK-ի անդամների դեմ ձեռնարկել է հատուկ գործողություններ, լուսանկարը՝ «Դողան» լրատվական գործակալության

Իհլաս. Ստամբուլի ոստիկանությունը Էսենյուրթ, Բաղջըլար և Քյուչյուքչեքմեջե թաղամասերում իրականացրել է հատուկ գործողություններ PKK-ի զինյալների դեմ։ Օգտագործվել են նաև ուղղաթիռներ։ Գործողությունների արդյունքում եղել են ձերբակալություններ։ Մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։


Դողան. Թուրքիայի արևելյան Վան նահանգի Գյուրփընար գավառում PKK-ի մարտիկները պայթեցրել են զինվորական մեքենա։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Մեղավորներին հայտնաբերելու նպատակով նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Անադոլու. Թուրքիայի հարավ-կենտրոնական՝ Սիրիային սահմանակից Քիլիս քաղաքում բախումներ են եղել Թուրքիայի ուժայինների և թուրք-սիրիական սահմանն անցնել ցանկացող փախստականների միջև։ Բախումների հետևանքով զինվորներից մեկը՝ Յուսուֆ Բեյլեմը, մահացել է։

Անադոլու. PKK-ի զինյալները հարձակվել են Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Շըրնաք-Ուլուդերե ճանապարհի վրա տեղեկայված Ազգային գումարտակի անվտագությունը ապահովող Թահթակայալիքլարը ռազմաբազայի վրա։ Բախումների հետևանքով 2 զինվոր վիրավորվել է։ Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *