ՌԴ ՆԳ նախարարի տեղակալը Չեչնիայում ստուգել է հատուկ նշանակության գնդի պատրաստության աստիճանը

Սեպտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Զոլոտովը հանկարծակի ստուգումներ է իրականացրել Չեչնիայի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ստուգումներ անելիս

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ստուգումներ անելիս
Նկարը՝ ТАСС գործակալության

Ըստ Քադիրովի՝ Զոլոտովը բարձր է գնահատել հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկների պատրաստությունը, քանի որ վերջիններս, ըստ Քադիրովի, նախատեսված ժամանակից ավելի արագ են բերվել մարտական պատրաստության աստիճանի։

Չեչնիայի նախագահը հայտնել է նաև, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Զոլոտովը խորհրդակցություն է անցկացրել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարության հետ, ինչպես նաև ստուգել է հատուկ տեխնիկան, կենտրոնի ուսումնական և կենցաղային պայմանները։

Նշենք, որ վերջին շրջանում Չեչնիայում հաճախակի են ստուգում հատուկ նշանակության գնդի պատրաստության աստիճանը։ Հուլիսի 15-ին  Չեչնիայի ղեկավարն ինքն էր մարտական տագնապով ոտքի հանել հատուկ նշանակության ստորաբաժանմանը՝ ստուգելով ուժայինների օպերատիվ-մարտավարական առաջադրանքներ կատարելու հմտությունները։

Ստորաբաժանման պատրաստությունը ստուգելուց հետո Քադիրովը հատկապես շեշտել էր, որ Չեչնիան «չի եղել և չի լինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բազա»։

Մեկ շաբաթ անց էլ Չեչնիայի ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովը ստուգեց ոստիկանության հատուկ նշանակության գնդի մարտական պատրաստության վիճակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *