Իրանի խորհրդարանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման մասին օրինագիծը

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ջավադ Քարիմի Քոդուսին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ իրականացնող պետությունների՝ տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների նավերի համար Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ։

Օրինագծում նշվում են 14 նախապայմաններ, որոնց իրականացման դեպքում միայն նեղուցը բաց կմնա, սակայն դրանցից հայտնի են 2-ը՝ պատժամիջոցների վերացումը և Իրանի ջրային տարածքներով անցատուրքի վճարումը՝ այդ տիրույթներով տեղափոխվող նավթի 3%-ի չափով։

290 պատգամավորներից 150-ն արդեն հավանության են արժանացրել նախագծի ներկայացումը խորհրդարան՝ գտնելով, որ Իրանը իրավասու է վճար գանձելու իր ջրային տիրույթով անցնող նավերից։

Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրանցի պաշտոնյաներն այս հարցի շուրջ դեռ որևէ որոշիչ հայտարարություն չեն տալիս՝ նշելով, որ հարցի վերջնական լուծումը վերապահված է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեյին։ Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ Ալի Խամենեյին նեղուցի փակմանը թերահավատորեն է մոտենում, սակայն դեռ կարող է փոխել վերաբերմունքը։

Ենթադրվում է, որ նմանատիպ օրենքի կենսագործման դեպքում նեղուցը, որով առաքվում է համաշխարհային նավթի շուրջ 20%-ը, կարող է ականապատվել, եթե Իրանը համարի, որ իր անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում։ Իրանցի գեներալ Մահմուդ Ֆահիմիի խոսքերով՝ Իրանը նեղուցի շրջանում գերիշխանություն ունի, և ԱՄՆ-ն ի զորու չի լինի ականազերծելու և բացելու նեղուցը։ ԱՄՆ-ն իր հերթին շարունակում են տարածաշրջանում մեծացնել իրենց ռազմական ուժերը, այդ թվում և ականազերծման միջոցները։ Այսպես, դեռ մարտին մենք հաղորդել էինք, որ ԱՄՆ կրկնապատկում է իր ականահան նավերի քանակը տարածաշրջանում՝ հասցնելով այն 8-ի, իսկ ընդհանուր առմամբ ԱՄՆ և իր դաշնակիցները նեղուցի շրջանում կենտրոնացրել են 15 ականահան նավ, ինչպես նաև ականների հայտնաբերման և ականազերծման այլ միջոցներ՝ ուղղաթիռներ, հեռակառավարվող սարքեր և այլն։

Միաժամանակ ԱՄՆ-ը 20 այլ պետությունների հետ նախատեսում է անց կացնել ծովային տարածքի ականազերծման լայնածավալ զորավարժություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *