Տաջիկստան-Աֆղանստան սահմանին տիրող իրավիճակը պահանջում է ՀԱՊԿ-ի օգնությունը. Բորդյուժա

Տաջիկստան-Աֆղանստան սահմանին անբարենպաստ իրադրություն է, որը պահանջում է ՀԱՊԿ անդամ երկրների աջակցությունը սահմանի ամրացման և պաշտպանության համար։ Այս մասին օգոստսի 31-ին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (կենտրոնում) ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հավաքին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (կենտրոնում) ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի հավաքին. Տաջիկստան, 2015թ. մայիս

Նշենք, որ Տաջիկստանը հարավում սահմանակից է Աֆղանստանին, ինչի հետ կապված մտահոգություն կա, թե հարավից՝ Աֆղանստանից, այդ երկիր կարող են ներխուժել ինչպես «Թալիբանի», այնպես էլ «Իսլամական պետության» զինյալները:

Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը, Բորդյուժան հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները պիտի աջակցեն Տաջիկստանին, քանի որ վերջինս ամրակետ է թալիբների՝ Կենտրոնական Ասիա մուտք գործելու համար։

«Վստահ եմ, որ օգնություն կլինի։ Քայլեր արդեն ձեռնարկվում են։ Արդեն բանակցություններ են ընթանում ՌԴ զինված ուժերից և մյուս գործընկերներից օգնության տրամադրման մասին»,— մասնավորեցրել է Բորդյուժան։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ այժմ Տաջիկստանին օժանդակություն է տրամադրվում սահմանապահ ուժերի և մարտական ստորաբաժանումների կադրերի պատրաստությամբ։ Տաջիկստանը տեխնիկական օգնություն, ինչպես նաև սպառազինություն է ստանում որպես օժանդակություն։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչն էլ Տաջիկստանում տեղեկացրել է, որ Դուշանբեում սեպտեմբերի 14-15-ը կայանալիք համաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկելու են կազմակերպության խաղաղապահ առաքելության ուժերի միջազգային համագործակցությունն ընդլայնելու թեման։

Վերջինս հավելել է, որ առաջիկա համաժողովում քննարկվելու է միջազգային կազմակերպությունների հովանու ներքո ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի՝ խաղաղապահ առաքելություններում մասնակցության հարցը։

Ավելացնենք, որ Աֆղանստանից սպասվող վտանգով պայմանավորված՝ հենց Տաջիկստանում այս տարվա մայիսին անցկացվեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *