Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015

Ադրբեջանը դիվերսիայի փորձ է արել, հայկական կողմը կորուստներ չունի • Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերին կրակել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգով • Հայաստանը մասնակցում է ՌԴ-ում և Տաջիկստանում ՀԱՊԿ զորավարժություններին • Հնարավոր է ստեղծվեն ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժեր • Հայաստանը պատրաստվում է «Շանթ-2015» զորավարժությանը • ՊՆ-ում ամփոփվել են 4ԲԿ արդյունքները • Բակո Սահակյանն այցելել է ՊԲ զորամասեր • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին • Նախարար Օհանյանը և ԱՄՆ դեսպանը հետևել են ՀՀ ԶՈւ սանհրահանգիչների վերապատրաստմանը • Մինչև տարեվերջ ՀՀ ԶՈւ ևս 56 զինծառայող բնակարան կստանա • ԵԱՀԿ դիտարկում Բերքաբերում • ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցել են Ղազախստանում անցկացված մրցույթի • Ավարտվել է «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքը • ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը • ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվել է համակարգչային դասասենյակ • ՀՀ-ում ՌԴ ԶՈւ ռազմաբազայում մեկնարկել են դաշտային վարժանքներ

Ադրբեջանի զինուժի արձակած ՀԿՌՀ արկերի բեկորները

Ադրբեջանի զինուժի արձակած ՀԿՌՀ արկերի բեկորները

• Օգոստոսի 28-ին հակառակորդի 20-25 հոգանոց խումբը ձեռնարկել է փորձել է դիվերսիա անել Արցախի առաջնագծի արևելյան ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները հետ են շպրտել հակառակորդին՝ առանց կորուստներ ունենալու։

• Օգոստոսի 25-ին Ադրբեջանի զինուժը ՊԲ դիրքերին կրակել է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգով, ինչն ավելի է ապակայունացնում առաջնագծի իրավիճակը և մղում հակամարտության էսկալացիայի։

• Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ օպերատիվ խումբը և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել են Ռուսաստանի Պսկով քաղաք, որտեղ օգոստոսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ-ի օպերատիվ արձաձանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժությանը: Օգոստոսի 25-26-ին զորավարժության շտաբն ընդունել է գործողության պլանը, ինչից հետո՝ օգոստոսի 27-ին, հավաքական ուժերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի ապօրինի զինված ստորաբաժանումները։ Բուն զորավարժությունից բացի, դրա մասնակիցներն անցկացրել են նաև սպորտային մրցումներ, որոնց նռնակի նետման և վոլեյբոլի մրցույթներում մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև ՀՀ ԶՈւ զինծառայողները։ Օգոստոսի 28-ին զորավարժությունն ավարտվել է, ինչից հետո զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը վերադարձել է Հայաստան:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

Զորավարժության շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ ՀԱՊԿ զինված ուժերի ստորաբաժանումների և նյութատեխնիկական միջոցների տեղափոխումն ապահովելու համար ՀԱՊԿ-ում նախատեսում են ստեղծել հավաքական ավիացիոն ուժեր:

• ԱՄՆ օդուժի ինքնաթիռով Հայաստան են վերադարձել ՀՀ զինված ուժերի՝ Աֆղանստանում խաղաղապահ ծառայություն իրականացնող զինծառայողները, որոնք 7 ամսից ավելի իրականացրել են իրենց հատկացված տարածքների պաշտպանությունը։

• Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը ՀԱՊԿ անդամ վեց պետությունների, այդ թվում և Հայաստանի ուժային կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումները թմրանյութերի, զենքի և զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի զորավարժություն են անցկացնում Տաջիկստանում։

• Սեպտեմբերին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ՝ օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել են նախապատրաստական վերջին աշխատանքները։

• Օգոստոսի 28-ին ՊՆ-ում ամփոփվել են 4-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները։ Նշվել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին և որ կորպուսի ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները։

Բակո Սահակյանը և գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հրամանատարական դիտակետում

Բակո Սահակյանը և գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հրամանատարական դիտակետում

• Օգոստոսի 26-ին Բակո Սահակյանն այցելել է Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասեր, ծանոթացել է զորամասերի ծառայության ընթացքին ու պայմաններին:

• Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին և ռազմական կցորդին։ Նախարար Օհանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստ է ավելացնել Լիբանանում իտալական զորախմբի կազմում ծառայող հայ խաղաղապահերի քանակը։ (Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ն Լիբանանում խաղաղապահների տեղակայման ծրագիրը երկարաձգել է մինչև 2016թ․ օգոստոս

• Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հետևել են ՀՀ ԶՈւ սանհրահանգիչների համար ԱՄՆ զինված ուժերի իրականացված ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը։

• Մինչև 2015 թ. ավարտը ՀՀ ՊՆ միջոցներով Վանաձորում և Ագարակում շահագործման կհանձնվի հայկական զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված ևս երկու բնակելի շենք՝ 56 բնակարաններով:

• Օգոստոսի 25-ին ԵԱՀԿ ներկայացուցիչները հայ-ադրբեջանական սահմանի պանային դիտարկում են անցկացրել ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի հատվածում։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի։

• Օգոստոսի 16-21-ը Ղազախստանում անցկացվել է ԱՊՀ պետությունների ԶՈւ զինծառայողների «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ ՀՀ ԶՈւ հավաքականը գրավել է մրցանակային տեղեր։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրում է «Հաղթանակի ժառանգներ» մրցույթի մասնակիցներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրում է «Հաղթանակի ժառանգներ» մրցույթի մասնակիցներին

• Օգոստոսի 21-22-ին Ծաղկաձորում ընթացող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքի մասնակիցներին այցելել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Օգոստոսի 24-ին հավաքի մասնակիցների համար անցկացվել են ստուգատեսեր բազկամարտի, «Հետախույզի արահետ», «Կշռաքարի բարձրացում» վարժություններից, ինչպես նաև մարմնամարզության, հունահռոմեական ընբշամարտի, ինժեներական պատրաստության և կապի միջոցներից օգտվելու վարպետության դասեր: Իսկ օգոստոսի 27-ին «Միություն -2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» ռազմամարզական մրցույթն ավարտվել է։ Հանդիսավոր միջոցառման մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարը։

• Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիենգմեին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Կարոլին Դուեզին։

• Օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվել է ժամանակակից տեխնիկայով և ծրագրային ապահովվածությամբ օժտված համակարգչային նոր դասասենյակ, որը ՌՈ սպաներին ինքնազարգացման ու ինքնակրթման լայն հնարավորություն է ընձեռելու։

Ռազմական ոստիկանության համակարգչային նոր դասասենյակը

Ռազմական ոստիկանության համակարգչային նոր դասասենյակը

• Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի 300 հրետանավոր զինծառայող դաշտային վարժանքներ է սկսել շուրջ 100 միավոր զինտեխնիկայով։ Դաշտային վարժանքներ են սկսել նաև ռազմաբազայի հետախուզական ու ԱԹՍ-ների ստորաբաժանումների զինծառայողները։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *