Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի քրդաբնակ նահանգներում (քարտեզ)

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Դիարբեքիրի ոստիկանությունը 4 ռումբ է հայտնաբերել և առգրավել PKK-ի դեմ իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։


Նույն աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 27-ին թուրք-քրդական բախումներ են եղել Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում։ PKK անդամները հրազենով հարձակվել են Թունջելիի Գեյիքսույու գյուղի ժանդարմերիայի վրա։

Զինվորները պատասխան կրակ են բացել, ինչի արդյունքում բախումներ են եղել։ Թունջելիի նահանգային իշխանությունների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ բախումների արդյունքում զոհեր կամ վիրավորներ չեն եղել։


Նույն օրը ևս մեկ միջադեպ է եղել Թուրքիայի հարավ-արելյան Դիրաբեքիրի նահանգում։ Ըստ գործակալության հաղորդած տեղեկության՝ զինվորական մեքենայի անցման ժամանակ պայթյուն է եղել Դիարբեքիրի նահանգի Դիջլե գավառում։Դեպքի համար կրկին մեղադրվում են PKK-ի անդամները։ Պայթյունի արդյունքում զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։


Իսկ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում ավտովթար է եղել Մուշ-Բինգյոլ ավտոմայրուղու վրա, ինչի հետևանքով շարքային 2 զինվոր տեղում մահացել է, իսկ մեկը ծանր վիրավորվել։ Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով հետաքննություն է սկսվել։ Կասկածյալների անուններ չեն նշվում:


Նշենք, որ օգոստոսի 27-ին Թուրքիայում ուժայինների և PKK-ի զինյալների միջև ևս 10-ից ավելի բախումներ են եղել նաև Օսմանիյեում, Գազիանթեփում, Էդրեմիթում (Վան)Իգդիրում, ԹունջելիումՀիզանում (Բիթլիս), Շըրնաքում, Բաշքալեում (Վան)Յուքսեքովայում (Հաքքարի)Շըրնաքում, ՍտամբուլումՋիզրեում (Շըրնաք)Բինգյոլում (ռումբ է հայտնաբերվել)։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *