ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում բացել է համատեղ ուսումնական կենտրոնը

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում պաշտոնապես բացվել է Վրաստան-ՆԱՏՕ ուսումանական կենտրոնը։ Համատեղ կենտրոնը խորհրդանշող արձանը (Վրաստանի քարտեզը՝ Աբխազիայիով և Հարավային Օսիայով) բացել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին։ Արարողությունն առցանց հեռարձակել է վրաստանյան Իմեդի հեռուստաընկերության կայքը։

Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնը խորհրդանշող արձանը (Վրաստանի քարտեզը՝ Աբխազիայիով և Հարավային Օսիայով)

Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնը խորհրդանշող արձանը (Վրաստանի քարտեզը՝ Աբխազիայիով և Հարավային Օսիայով)

Նշենք, որ ամեն դեպքում համատեղ ուսումնական կենտրոնի բացումը դեռևս չի նշանակում, որ կենտրոնը սկսելու է իր աշխատանքը։ Կենտրոնի համար ենթակառուցվածքների կառուցման և վերջնական տեսքի բերման աշխատանքները շարունակվելու են հետագայում։

Թե´ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, թե´ վրաստանյան կողմը նշում են, որ կենտրոնում սովորելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինված ուժերի զինծառայողներ։

Հավելենք, որ դեռևս 2015 թվականի հունիսին վրաստանյան մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեին, հայտնել էին, որ ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը բացվելու է Թբիլիսիի մերձակայքում տեղակայված Վազիանի ռազմաբազայում մինչև 2015թ. վերջ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կապանաձեն հայտնել էր նաև, որ Վրաստանի ՊՆ-ում արդեն հատուկ գրասենյակ են առանձնացրել ՆԱՏՕ-ի մասնագետների համար, ովքեր համատեղ կաշխատեն վրաստանյան կողմի հետ։

Իրականում այս հայտարարության կարևոր մասը ոչ թե կենտրոնի բացումը կամ բացման ստույգ ժամանակն է (սրա մասին արդեն հայտնի էր), այլ կենտրոնի հստակ վայրը։ 2015 թվականից ՆԱՏՕ-ի փորձագետները Վրաստանի ՊՆ մասնագետների հետ կենտրոնի համար հավանական վայրեր էին ուսումնասիրում։ Կենտրոնի ստեղծման վայրի հավանական «թեկնածուներն» էին Թբիլիսիին մոտ գտնվող «Վազիանի» ռազմաբազան և ազգային ուսումնական «Կրծանիսի» կենտրոնը։

Հարկ է նշել ևս մի կարևոր հանգամանք՝ օգոստոսի 11-ին Վրաստանի Վազիանի ռազմաբազայում մարտական մեքենաների վարման համար բացվել է տանկային զորավարժարան։ Բացման օրը Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել էր, որ «այս տանկային զորավարժարանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի մի մասն է լինելու»։

Թերևս կարելի է ենթադրել, որ համատեղ ուսումնական կենտրոնի աշխարհագրությունը լայն է լինելու՝ ընդգրկելով ինչպես Վազիանի ռազմաբազայյի, այնպես էլ «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնի ենթակառուցվածքները։

Հարկ է նշել նաև, որ «Կրծանիսին» առաջին հետևակային բրիգադի տեղակայման վայրն է։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ներկա էին նաև Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները, ովքեր ակտիվորեն պատրաստվում են  «ՆԱՏՕ-ի չափորոշիչներին ամբողջովին համապատասխանելու» և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս դառնալու համար։ Եթե վերջիններս բարեհաջող հաղթահարեն գնահատման ևս մեկ փուլ, ապա հաջորդող 3 տարիների ընթացքում կարող է օգտագործվել ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NRF) կազմում։

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները,

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները

Տեղեկացնենք, որ համատեղ ուսումնական կենտրոնը բացվել է Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ Ուելսի գագաթաժողովում (2014 թվականի սեպտեմբեր) Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) շրջանակներում։

2014 թվականի հոկտեմբերին կենտրոնի բացման թեման լայնորեն քննարկվում էր Ռուսաստանում և Վրաստանում։ Ռուսաստանյան կողմն այն համարում է տարածաշրջանում ապակայունացման գործոն։ Իսկ Վրաստանյան կողմն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ կենտրոնը ռազմաբազա չէ և վտանգ չի ներկայացնում։

Ձախից՝ Վրաստանի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Վրաստանի վարչապետը, պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը

Ձախից՝ Վրաստանի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Վրաստանի վարչապետը, պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը

Իրակլի Ղարիբաշվիլին, Յենս Ստոլտենբերգը, Թինա Խիդաշելին

Իրակլի Ղարիբաշվիլին, Յենս Ստոլտենբերգը, Թինա Խիդաշելին