Թուրքիայում պայթեցվել են ուժայիններին տեղափոխող մեքենաներ

Այսօր՝ օգոստոսի 27-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները հարձակվել են Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Խիզան գավառի ժանդարմերիայի վրա։ Հարձակման ընթացքում վիրավորվել է 5 ժանդարմ, ոչնչնացվել է PKK-ի 6 անդամ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

PKK-ի անդամները Բիթլիսում մեքենա են պայթեցրել

PKK-ի անդամները Բիթլիսում մեքենա են պայթեցրել

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Կասկածյալներին հայտնաբերելու համար նահանգում ձեռնակրվել են հատուկ գործողություններ։


Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյուն է եղել նաև Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաքի նահանգում։ Պայթյունը տեղի է ունեցել Շըրնաք-Իկիզջե ավտոմայրուղու վրա՝ անվտանգության ուժերի անցման ժամանակ։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Դեպքի համար կրկին մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները։


«Դողան» լրատվական գործակալության հաղորդած տվյալներով ևս մեկ նմանատիպ պայթյուն եղել է Վանի Բաշքալե գավառում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Մեղավորներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են մեծածավալ գործողություններ։


Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, թուրք-քրդական բախումներ են եղել նաև Օսմանիյեում, Գազիանթեփում, Վանում, Իգդիրում և Թունջելիում:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: