Թուրք-քրդական նոր բախումներ Թուրքիայի մի քանի շրջաններում

Օգոստոսի 26-ին Թուրքիայի հարավային Օսմանիյե նահանգում ճանապարհին տեղակայված ռումբով ոստիկանական մեքենա է պայթեցվել։ Պայթյունի համար մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի մի քանի շրջաններում

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի մի քանի շրջաններում

Պայթյունի արդյունքում մահացածներ կամ վիրավորներ չեն եղել։ Պայթյունից հետո PKK-ի անդամների և ոստիկանների միջև մարտեր են սկսվել։


Թուրք-քրդական ևս մեկ բախում եղել է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում։ Գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակել են Գազիանթեփի թաղամասերից մեկի ոստիկանության վրա։ Հարձակման արդյունքում մահացածներ և վիրավորներ չեն եղել։ Հարձակման համար կրկին մեղադրվում են PKK-ի անդամները։ Կասկածյալներին հայտնաբերելու համար ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ գործողություններ։


Նույն օրը PKK-ի անդամների և ոստիկանության միջև բախումներ են եղել նաև Վանի Էդրեմիթ գավառում։ Ոստիկանական ուժերի վրա հրթիռ կրակելու արդյունքում 2 ոստիկան վիրավորվել է։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Մեղավորներին հայտնաբերելու նպատակով նահանգում կազմակերպվել են հատուկ գործողություններ։


Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: