Թուրք-ամերիկյան նոր գործողությունը ԻՊ-ին հետ կմղի Թուրքիայի հետ սահմանից

ԱՄՆ-ն և Թուրքիան «Իսլամական պետության» դեմ նոր, համակողմանի ռազմական գործողություն են նախատեսում սկսել, որի միջոցով ԻՊ զինյալներին հեռացնելու են թուրք-սիրիական սահմանից՝ ԻՊ-ին միանալ ցանկացողների՝ Թուրքիայից Սիրիա անցումը սահմանափակելու համար: Այս մասին բրիտանական Reuters գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Նախարարի խոսքով՝ օգոստոսի 23-ին թուրքական և ամերիկյան կողմերը ավարտել են նոր գործողության տեխնիկական մանրամասների քննարկումները, ինչից հետո առաջիկա օրերին նախատեսում են սկսել բուն գործողությունները, որոնց կարող են միանալ նաև Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Քաթարը, ինչպես նաև Բրիտանիան, Ֆրանսիան:

ԻՊ շարքերը համալրող զինյալները Սիրիա են տեղափոխվում Թուրքիայի տարածքով, և որպես այս գործողության հիմնական նպատակ նշվում է այդ միջանցքի փակումը՝ նոր զինյալների հոսքը կանխելու նպատակով:

Գործողության ընթացքում թուրք-ամերիկյան կողմը փորձելու է սահմանային 80կմ հատվածից հեռացնել ԻՊ զինյալներին և ստեղծել «անվտանգ գոտի» (նշենք, որ թուրք-սիրիական սահմանի ամբողջ երկարությունը մոտ 900կմ է):

Հետաքրքիր է, որ գործողության մասին խոսելիս Թուրքիայի արտգործնախարարը հիշատակել է նաև PYD-ի քրդերին, որոնք, ըստ Չավուշօղլուի, թեև պայքարում են ԻՊ դեմ, բայց նրանց նպատակը ոչ թե Սիրիայում «տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության» հաստատումն է, այլ  Հյուսիսային Սիրիայում քրդական նահանգների միավորումը, ինչը կարող է ոգևորություն առաջացնել նաև Թուրքիայի քրդերի մոտ: Այս խնդրի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իրենց՝ թուրք-ամերիկյան համաձայնության կողմերի համար ավելի ընդունելի տարբերակ է, որ «անվտանգ գոտին» կամ ԻՊ-ից ազատված տարածքները լինեն ոչ թե քրդերի, այլ «չափավոր ընդդիմության» վերահսկողության տակ:

Ավելացնենք, որ թուրք-ամերիկյան նոր գործողության մասին Չավուշօղլուն հայտարարել էր նաև օգոստոսի սկզբին: Հենց այդ ժամանակ թուրքական կողմը նաև ամերիկյան զինված ուժերի համար բացել էր «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղից ԱՄՆ օդուժը միանգամից սկսել էր ԻՊ դեմ ավիահարվածները:

One response to “Թուրք-ամերիկյան նոր գործողությունը ԻՊ-ին հետ կմղի Թուրքիայի հետ սահմանից

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *