Տեղեկատվական հոսքերը սիրիական հակամարտության մասին

Հայտնի է, որ ցանկացած պատերազմ կամ հակամարտություն ուղեկցվում է նաև տեղեկատվական գործողություններով: Բացառություն չէ նաև սիրիական հակամարտությունը: Քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ռազմավարական նշանակություն ունեն աշխարհի խոշորագույն երկրների համար, հետևաբար քարոզչական գործողություններին միացել են աշխարհի խոշորագույն լրատվամիջոցները:

Սիրիական խնդրի վերաբերյալ տեղեկատվական դաշտը կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի. արևմտյան, որը մշտապես բացասաբար է լուսաբանում Բաշար Ասադին և համակրում է ապստամբներին` նրանց համարելով հանուն ժողովրդավարության պայքարող ընդդիմադիրներ, և Սիրիայի իշխանություններին աջակցող լրատվամիջոցներ, որտեղ գերակշռում են ռուսական և իրանական աղբյուրները: Հաճախ այս երկու խմբերի տրամադրած տեղեկությունները հակասական են, և դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում ռազմական թատերաբեմում:

Բացի սեփական թղթակիցներից, արևմտյան լրատվամիջոցների համար տեղեկատվական աղբյուր են Twitter-ն ու ապստամբների` տարբեր կայքերում տեղադրվող լուսանկարներն ու տեսանյութերը: Դրանք լայնորեն օգտագործում են Ռոյթըր գործակալությունը, Գարդիանը և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ: Իսկ ավելի փոքր լրատվամիջոցները հապճեպորեն վերահաղորդում են այդ տեղեկությունները:

Ռուսական լրատվամիջոցները օգտագործում են արևմտյան աղբյուրները, սակայն լրացնում են դրանք ու ավելացնում որոշ մեկնաբանություններ: Սիրիայում գործում են նաև մի շարք ռուսական հեռուստաընկերությունների լրագրողներ, որոնք հաճախ օգտագործում են պաշտոնական աղբյուրների տարածած տեղեկությունները:

Բավականին վիճահարույց են զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները: Արևմտյան լրատվամիջոցների հիմնական աղբյուրը կասկածելի ծագում ունեցող «Սիրիայի մարդու իրավունքների դիտակայան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունն է, որը գործում է Մեծ Բրիտանիայից: Այս կազմակերպության վերջին հաղորդագրության համաձայն չորեքշաբթի օրը Սիրիայում զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնց մեծագույն մասը քաղաքացիականներ են և կառավարական զորքերի մարտիկներ: Թեև արևմտյան մամուլը անվերապահորեն հրապարակում է կազմակերպության տարածած տեղեկությունները, դրանք չեն հաստատվում որևէ այլ աղբյուրներով:

ՌԻԱ-Նովոստին հուլիսի 19-ին հաղորդել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր թերահավատությունն է հայտնել այս կազմակերպության տարածած տեղեկություների հավաստիության վերաբերյալ: Ոչ պակաս հակասական են Twitter սոցիալական ցանցի՝ որպես ընդդիմդիր ներկայացող օգտատերերի տարածած տեղեկությունները:

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ սիրիական հակամարտության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հարկ է լինել հնարավորինս զուսպ և փորձել ճշտել այդ տեղեկությունները՝ համադրելով տարբեր աղբյուրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *